Գալուստ Սահակյանը՝ հանրաքվեի եւ ընդդիմության «քաջնազարյան» դրսեւորումների մասին
ИнтервьюԴեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի անցկացման, նույնականացման քարտերով քվեարկությանը մասնակցելու, ինչպես նաեւ ընդդիմադիր դաշտում գործունեություն ծավալող քաղաքական ուժերի գործելաոճի վերաբերյալ Orer.am-ը զրուցեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ:
- Պարոն Սահակյան, ՀՀ քաղաքացիների` սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեին նույնականացման քարտով մասնակցելու գործընթացը մեծ աղմուկ եւ քննարկումների ալիք բարձրացրեց: Դուք ավելի շատ ո՞ր տարբերակին էիք հակված:
- Օրինագծի փոփոխման հիմնական նպատակն էր վերականգնել ընտրողի սահմանադրական իրավունքը: Կենտրոնական հանձնաժողովի եւ լիազոր մարմինների հետ քննարկումներից հետո որդեգրեցինք հետեւյալը, որ նրանք, ովքեր նույնականացման քարտերով են քվեարկելու, կտեսնեն առանձին սյունակում իրենց քարտերի համարները: Նույնականացման քարտերով ընտրողների թիվն ամեն տեղամասում հարյուրհազարների չի հասնելու, լինելու են քսան կամ երեսուն հոգի, այնպես որ, ամեն ինչ կանցնի հանգիստ: Պետք է նշեմ, որ մարդիկ կարող են այցելել կայք եւ տեսնել, թե համապատասխան կոդով որեւէ այլ տեղամասում քվեարկություն եղե՞լ է, թե՞ ոչ: Ասեմ, որ քննարկվել է նաև մատերը թանաքոտելու հարցը: Քանի որ սատիրաս ու հումորս տեղն է, այդ ժամանակ ասացի, որ մարդ կարող է ցուցամատ չունենալ, այդ նման պարագայում մարդ ո՞ր մատով պետք է քվեարկի: Հերթով բոլոր մատերը հաշվի ենք առել:
- Ընդդիմությունը բուռն դիմադրություն է ցուցաբերում գրեթե ցանկացած առաջարկի հետ կապված: Նրանց այսօրվա կեցվածքի մասին ի՞նչ կասեք:
- Նրանց այսօրվա կեցվածքը ոչ դասական է, եթե նրանք Սահմանադրությունը լավ ուսումնասիրեին, կիմանային, որ ովքեր համապատասխան քանակի ձայն են ստանում, մասնակցում են պետական կառավարման բոլոր մեխանիզմներին: Օրենսդրության առումով ցանկացած սահմանադրական օրենք, նշանակում, որը կատարում է Ազգային ժողովն առանց ընդդիմության, անհնարին է, իսկ սա նշանակում է, որ ստեղծվում է մի միջավայր, որտեղ ընդդիմությունն ու իշխանական կուսակցությունները կկարողանան բանավիճել, մեկը մյուսին համոզել, խնդիրներ լուծել, իսկ դա իր հերթին նշանակում է կոլեգիալ ղեկավարություն: 2005 թվականին նրանք ավելի ինքնաբուխ ճառեր էին ասում Սահմանադրության վերաբերյալ, բայց այսօր ասում են, որ գործող Սահմանադրությունից լավը գոյություն չունի: Մարդիկ պետք է սկզբունքներով շարժվեն, այլ ոչ թե մոտենան ամբիոնին եւ ցույց տան այն անձնազոհությունը, որ իբր իրենք միմիայն մտածում են ժողովրդի շահերի մասին:
-Ուզում եք ասել, որ ընդդիմության ներկայացուցիչների ելույթները ձեւակա՞ն բնույթի են:
-Գիտեք, սկզբունքային ելույթներ կան, պարզապես դրանք հասարակահաճո ելույթներ են, մերժողական, կարծես թե չկողմնորոշված են նրանց քայլերը: Իհարկե, այդպես էլ պետք է լինի, սակայն գալ եւ ասել, որ եթե նույնականացման քարտերով հանրաքվեին վերահսկողություն չի իրականացվելու եւ Սահմանադրությունը վատն է, արդեն աբսուրդի ժանրից է: Ահաբեկչական մոտիվներն անընդունելի են: Տարբեր բանաստեղծներ՝ ե´ւ Թումանյանը, ե´ւ Իսահակյանը, գրել են այդ թեմայով: Օրինակ կբերեմ «Քաջ Նազար»-ը, ով իրեն պատկերացնում է «արի»:
-Պարոն Սահակյան, միշտ չէ, որ ընդդիմությունն աբսուրդի ժանրից է խոսում: Օրերս պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարեց, որ թեպետ ՀՀ-ից արտագաղթել է մոտ 70 հազար քաղաքացի, սակայն ընտրացուցակներում թվային փոփոխություն չի նկատվում:
-Ես նաեւ լսեցի գործիչներից մեկին, ով ասում էր, որ սոցհաշվարկներով ունենք 3 մլն 100 հազար բնակչություն, որոնցից 2.5 միլիոննն ընտրող է, իսկ 500 հազարը երեխաներ են եւ ընտրելու իրավունք չունեցողներ, էդպես ո՞նց կլինի: Եթե մտածում են, որ իշխանությունը կուզի ինչ-որ բան անել, ապա սխալվում են:
Սոսե Չանդոյան