Ռոբերտ Քոչարյանը մեծ քաղաքականություն վերադառնալու ծրագրեր մոտ ապագայում չունի
АналитикаՔոչարյանի հաջորդ հարցազրույցն իրեն շատ երկար սպասեցնել չտվեց
Հայաստանում վաղուց արդեն ավանդույթ է, որ յուրաքանչյուր նախկին քաղաքական գործիչ, որը նաև եղել է համակարգում որոշակի արատավոր երևույթների հիմնադիր կամ շարունակող, մոռանալով իր «փառավոր» ժամանակները՝ քննադատության թիրախ է դարձնում միայն իր հաջորդներին և նախորդներին, որոնք, իհարկե, նույնպես շատ հեռու են սուրբ լինելուց, սակայն մյուս կողմից էլ հանդիսանում են իր իսկ սկզբունքների ժառանգորդը և գործի շարունակողը:
Մանավանդ նախկին նախագահների մոտ այս սովորույթը արմատացել է, և Ռոբերտ Քոչարյանի հաջորդ քննադատական հարցազրույցը իրեն շատ երկար սպասեցնել չտվեց: Այս անգամ նախկին նախագահը գերմանական «Դոյչե Վելլեին» տված հարցազրույցում կարծես թե մոռանալով, թե ինչ պայմաններում «անցկացվեցին» 2005-ին իր նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները՝ իր քննադատական կարծիքն է հայտնել ներկա սահմանադրական փոփոխությունների գործընթացի մասին:
Արդարաության համար, իհարկե, չեմ կարող չասել, որ Քոչարյանի սամանադրական փոփոխություններն այնուամենայնիվ դրա նախորդից մեկ քայլ առաջ էին, խնդիրը այն է, թե ինչպես և ինչ պայմաններում դրանք «անցկացվեցին» և ինչպես կազմակերպվեց հանրաքվեի գործընթացը, որը մոտավորապես նույն ոճի մեջ էր, ինչ Հայաստանում նախագահական ընտրությունները: Եվ հետաքրքիր է, որ այդքանով հանդերձ նախկին նախագահը ներկափոփոխությունները գործընթացը քննադատելիս խոսում է ժողովրդավարության դիրքերից, ինչը արդեն իսկ մի տեսակ լուրջ չի ընկալվում:
Հետարքիր է նաև երկրորդ նախագահի կարծիքը Հայաստան-ԵՏՄ հարաբերությունների և համագործակցության արդյունավետության մասին: Այստեղ, իհարկե, Ռոբերտ Քոչարյանն անհամեմատ ավելի ադեկվատ գնահատականներ է տալիս ստեղծված իրավիճակին և այս դեպքում նրա հետ դժվար է չհամաձայնվելը: Այլ հարց է, թե եթե ինքը լիներ՝ արդյո՞ք կվարվեր համապատասխան իր տված այժմյան գնահատակններին, թե՞ կկրկներ ներկա իշխանությունների սխալները: Ցավոք, փորձը ցույց է տալիս, որ պաշտոնյաները հաճախ պաշտոնաթողությունից են հետո են սկսում ավելի սթափ նայել որոշ բաների, երբ արդեն ուշ է լինում: Քոչարյանի խրոխտ հարցազրույցները հուշում են, որ նման սկզբունքայնությամբ նա չպետք է Հայաստանի ունեցվածքը Գույք պարտքի դիմաց ծրագրով նվիրեր Ռուսաստանին:
Ամեն դեպքում, Ռոբերտ Քոչարյանի այս անգամվա հարցազրույցն, ըստ իս, նախորդներից ավելի հաջողված էր, ասելիքներն էլ՝ ավելի տրամաբանական: Նաև, ես կասեի, առավել պարզ դարձավ, որ երկրորդ նախագահը մեծ քաղաքականություն վերադառնալու ծրագրեր մոտ ապագայում չունի, մանավանդ ներկա սահմանադրական բարեփոխումների գործընթացին տված գնահատականից զգացվեց, որ այդ նախագիծը իր սրտովը չէ նաև այն բանի համար, որ սահմանափակում է իր վերադարձի հնարավորությունները:
Կարեն Վարդանյան
Orer.am, վերլուծաբան