Այնպես եմ արել, որ համերգի տոմսերը բոլորին հասանելի լինեն. Էրիկ
LifestyleՆոյեմբերի 28-ին ժամը 19:00-ին ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Էրիկի` երկար սպասված մենահամերգը։ Կհնչեն նոր և սիրված կատարումներ՝ Սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ:
Այս հրաշալի առիթը թողած` լրատվամիջոցները քննարկում են Էրիկի անձնականը: Նույնիսկ հետևում են սոցկայքերի ակտիվությանը` «գտնելու» Էրիկի ընկերուհուն:
Այս և համերգի հետ կապված շատ հարցերի մասին Orer.am-ը զրուցեց Էրիկի հետ:
Հարցազրույցներից մեկում Էրիկը նշել է, որ որ նման համերգներ միշտ չէ, որ արտիստը կարող է իրեն թույլ տալ: Պարզեցինք` արդյո՞ք արտասովոր ինչ-որ բան է լինելու:
-Արտասովոր ոչինչ չկա: Պատրաստվելու առումով ժամանակատար համերգ է. կես տարուց ավել պատրաստվել եմ: Բացի այդ, բեմում 70 երաժիշտ է լինում: Համերգը ծախսատար է: Մյուս արտիստների մասին չեմ խոսի, բայց ես միշտ չէ, որ կարող եմ նման համերգ կազմակերպել:

-Ի՞նչ արժեն համերգի տոմսերը: Հասանելի՞ են բոլորին:
-Այնպես եմ արել, որ համերգի տոմսերը բոլորին հասանելի լինեն: Չունևորն էլ արժանի է իր սիրելի արտիստին լսելուն: Արդեն գրեթե բոլոր տոմսերը սպառված են. դա ինձ ուրախացնում է: Տոմսի ամենացածր արժեքը 2500 դրամն է, կարծում եմ` մեծ գումար չէ սիրելի երգչի համերգին ներկա լինելու համար: Մի քանի երկրպագուներ զանգահարել են, տոմսի հարցը միանգամից լուծվել է: Բայց բոլորին հնարավոր չէ նվիրել: Դե, շատերն էլ ամաչում են դիմել:
Կարծում եմ՝ նույնիսկ արտիստի ընկերը պետք է տոմս գնի համերգին ներկա լինելու համար. սա երգչի մեծ աշխատանք է:
-Տարիներ առաջ ասպարեզում երևաց երտասարդ Էրիկ Կարապետյանը ու միանգամից սիրվեց: Ո՞րն է հաջողության գաղտնիքը:
-Իրականում, գաղտնիք չկա: Իմ կարիերան սկսվեց 2001-ին, դանդաղ, բայց` ամուր: Ներսի մարդիկ ինձ ընդունեցին, եկավ մի պահ, որ զգացի` հանդիսատեսը սիրեց իմ երգը:
Միշտ եղել եմ այնպիսին, ինչպիսին կամ: Գուցե ակցենտով եմ խոսել ու երգել, բայց ես մեկն եմ, ով իրեն համարում է հայաստանցի, բուն երևանցի, և քաղաքն էլ ընդունում է ինձ:
-Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ երգիչներին, ովքեր չեն կարողանում հասնել հաջողության:
-Առաջ չընկնել, բիզնես անելու մասին չմտածել: Հանդիսատեսին հետաքրքրելու համար պետք է այլ մոտեցում: Հիմա չկա սկսնակ երգիչ, ով ինդիվիդուալ է:
Ես հիացած եմ փոքրիկ Միկայով, նրա ելույթով…
Եվ ամենակարևորը. դեռ փոքր գործեր չարած` պետք չէ համեմատվել երկար ճանապարհ անցած արտիստների հետ:

-Համերգից հետո դադար կլինի՞, թե՞ կշարունակեք ակտիվ գործունեություն ծավալել:
-Դադար չի լինելու, հանձնելու եմ համերգի DVD տարբերակը: Պատրաստվելու եմ նոր մենահամերգի` ԱՄՆ-ում, որը, հավանաբար, կկայանա մարտ ամսին: Նոր տարուց հետո կմեկնեմ, որ հասցնեմ լիարժեք պատրաստվել:
-Վերջին շրջանում հաճախ է քննարկվում Ձեր անձնականը: Նույնիսկ շատ կայքեր հետևել են Սվետլանայի սոցցանցերի ակտիվությանը, գրառումներին` պարզելու համար` ինչ հարաբերությունների մեջ եք: Ձեզ չի՞ բարկացնում այս ամենը:
-Փորձում եմ չհետևել` ինչ են խոսում:
Հետո էլ կասեն, համերգներ չեն լինում Հայաստանում: Մեծ համերգ է լինելու, թող այդ մասին գրեն, ոչ թե քննարկեն իմ անձնականը, որի մասին ես չեմ խոսում: Պետք է մարդկանց հետաքրքրի երգչի արվեստը, կատարած աշխատանքը և ոչ անձնական կյանքը: Ես իմ սոցկայքերի պատերին ոչ մեկի անձնականի մասին չեմ գրում, և ոչ մեկի իրավունքը չէ իմ անձնականի մասին խոսելը:
Հ.Գ. Շնորհավորում ենք Էրիկին կայանալիք մենահամերգի կապակցությամբ, մաղթում` չսպառվող հաջողություններ երգարվեստում:
Նյութը` Լիանա Կարապետյանի