Մեզ համար Արցախի հիմնախնդրի կարգավորումը գերակա հարց է. Հովհաննես Սահակյան
ПолитикаՎերջերս քննարկվող ամենասկանդալային եւ հասարակության կողմից ամենաքննարկվող թեմայի՝ ԼՂՀ ազատագրված տարածքների վերադարձի մասին Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ: Խոսելով Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած այցից հետո լրատամիջոցներում թեժ քննարկման թեմա դարձած Արցախի ազատագրված տարածքների վերադարձի հարցի շուրջ՝ պատգամավորը նշեց. «Կարող եմ ասել, որ Լավրովի այցից առաջ կամ հետո մենք որպես քաղաքական թիմի եւ կուսակցության անդամների խորհրդում նման քննարկում չենք ունեցել՝ կապված տարածքների վերադարձի հետ: Մենք ռազմավարական գործընկերներ ենք ՌԴ-ի հետ, հետեւաբար, հանդիպումների ժամանակ տարբեր հարցեր կարող են քննարկվել, սակայն այս առումով պետք չէ ինչ-որ մութ գործընթացներ ման գալ»,- ասաց պատգամավորը:
«Կապված ԼՂՀ-ի ազատագրված տարածքները հետ վերադարձնել-չվերադարձնելու հետ՝ կարող եմ ասել, որ մենք մշտապես նշել ենք Արցախի հիմնախմդրի հետ կապված մեր մոտեցումները եւ դրանք անփոփոխ են, այդ իսկ պատճառով չէի ցանկանա դրանց նորից անդրադառնալ»,- ասաց վերջինս:
Հովհաննես Սահակյանը, կարեւորելով այսօր ՀՀ-ի եւ Արցախի առաջ դրված գերխնդիրները, կարծում է, որ պետք չէ ինտրիգներ փնտրել խաղաղ պայմաններում: «Ես չեմ կարծում, որ պետք է ինչ-որ բան փնտրել այս հարցում: Մեզ՝ բոլորիս համար, գերխնդիր է արտաքին ուղղության մեջ երկու գիծ՝ մեկն առանց դիվանագիտական հարաբերությունների Թուրքիայի հետ գործընթաց սկսելն է, մյուսն Արցախի հիմնախնդրի կարգավորումն է՝ որպես գերակա հարց: Նման խոսակցությունները որեւէ նշանակություն եւ դերակատարում չեն կարող ունենալ այս հարցում: Մենք ունենք անկախ ու կայացած Արցախ իր բոլոր կառույցներով, ունենք նաեւ բավականին ժողովրդավար հասարակություն, իսկ թե այս ֆոնին ով ինչ կխոսի, արդեն երկրորդական է»,- ասաց պատգամավորը:
Սոսե Չանդոյան