Հայաստանն անվտանգության տեսանկյունից աշխարհում զբաղեցնում է 52-րդ տեղը
ОбществоՀայաստանն անվտանգության տեսանկյունից աշխարհում զբաղեցնում է 52-րդ տեղը: Այս մասին Orer.am-ի հետ զրույցում նշեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Խոսելով օրերս քննարկման թեմա դարձած ահաբեկչական խմբերի եւ գործողությունների մասին՝ սոցիոլոգը նշեց, որ Հայաստանում ըմբոստ ուժերի թիվն այդքան էլ մեծ չէ: «Մենք միշտ հետաքրքրվում ենք, թե ահաբեկչական գործողություններին բնակչության քանի տոկոսն է կարող մասնակցել կամ նմանատիպ ինչ-որ գործողություններ անել: Ըմբոստ ուժի կիրառման կողմնակիցները Հայաստանում կազմում է մոտ 15-20%, մնացածը կա´մ խաղաղ միջոցների կողմնակից է՝ ցույցեր, ստորագրահավաքներ, կա´մ առհասարակ բռնության կողմնակից չէ»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը՝ հավելելով, թե թեև ըմբոստ ուժերը մեծ տոկոս չեն կազմում, բայց, այնուամենայնիվ, դրանք կան:
«Պետք չէ մոռանալ, որ ընդամենը տարիներ առաջ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում տեղի ունեցավ ահաբեկչական ակտ»,- ասաց նա: Ինչ վերաբերում է ահաբեկչական ակտերին, ապա պարզվում է, որ իրականում դրանք այդքան էլ վատ բան չեն՝ նայած՝ երբ եւ որտեղ են իրականացվում: «Տեռորները միշտ չէ, որ վատ են, դրանք շատ անգամ կարող են ունենալ նաեւ դրական նպատակներ, եթե խոսքը վերաբերում է ազատագրական կամ արդարության համար պայքարին: Բայց քանի որ Հայաստանը ժողովրդավար երկիր է, մենք կարողանում ենք ազատ կարծիք հայտնել կամ կազմակերպել քաղաքական որոշումներ, ուստի ահաբեկչությունը՝ որպես այդպիսին, այստեղ իմաստ չունի»,- ասաց Ա. Ադիբեկյանը:
Սոսե Չանդոյան