Մեզ մոտ գործում է հետեւյալ կանոնը՝ եթե քիչ գողանաս կնստացնեն, եթե շատ գողանաս, կտանեն կառավարություն
Общество«Հայանտառ» ՊՈԱԿ-ի կյանքն այլեւս խորտակված է, քանի որ այնտեղ ընդամենը 2 օր առաջ փոխտնօրեն է նշանակվել Սյունիքի հայտնի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ոչ պակաս հայտնի որդին՝ Տիգրանը: Թե ինչպես է ստացվում, որ պաշտոնի է անցնում քրեական տարբեր ծանր հանցագործությունների «հերոս-անմեղիկը», Orer.am-ը զրույցի ընթացքում պարզեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանից:
«Մեր իշխանությունները սիրում են հանցագործ մարդկանց եւ, բնականաբար, նրանց նշանակում են պաշտոնների: Քանի Սուրեն Խաչատրյանի տղան դատարանով դատապարտված չէ, ըստ օրենսդրության, համարվում է անմեղ, բայց դե մեր երկրում օրենքները հավասարապես չեն գործում: Սա սովորական գործելակերպ է»,- ասաց նա:
Հարցին, թե որքանով է ձեռնտու իշխանություններին վարկաբեկված մարդկանց պաշտոններ շռայլելը եւ իր կողքին հավաքելը, ընդդիմադիր գործիչը պառասխանեց. «Նման մարդկանց պաշտոններ տալը ձեռնտու է, քանի որ առաջ է գալիս «Միասին թալանենք ու միասին ապրենք» կարգախոսը: Ցանկացած պաշտոն եկամուտ պետք է բերի, նրանց մոտեցումը սա է, դրա համար էլ նշանակվում են այնպիսի մարդիկ, որոնք, պաշտոններ զբաղեցնելով, կարող են մեծ գումարներ վաստակել, դրա համար էլ կաշառակերությունը վխտում է մեր երկրում: Մեզ մոտ գործում է հետեւյալ կանոնը՝ եթե քիչ գողանաս կնստացնեն, եթե շատ գողանաս, կտանեն կառավարություն, Ազգային ժողով, չի կարելի քիչ գողանալ: Երբ մարդիկ սկզբունքային են եւ ազնիվ, այնպիսի պայմաններ կստեղծվեն, որ մարդիկ այս երկրում ապրելու հնարավորություն անգամ չունենան, թողնեն ու փախչեն այստեղից»,- ասաց Սոս Գիմիշյանը՝ նշելով, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ին սպասվում է տխուր ապագա: «Ինչպես հայաստանյան գրեթե բոլոր կառույցներում, «Հայանտառ» ՊՈԱԿ-ում եւս կտիրի տխուր վիճակ: Ամեն ինչ արվելու է, որ բոլոր պաշտոնյաները լինեն կաշառակեր, ամեն ինչ դրան է գնում»,- ասաց նա:
Սոսե Չանդոյան