Տնտեսագետ. Պետք է նոր շուկաներ նվաճել
ЭкономикаԱրտահանման ծավալների ավելացումը երկրի տնտեսության զարգացման կարևորագույն նախապայմաններից է: Արտահանման մեծացումը ոչ միայն արտերկրից դրամական հոսք է ապահովում՝ նպաստելով տնտեսության աշխուժացմանը (արտադրության ծավալների մեծացում, զբաղվածության աճ, գործազրկության կրճատում և այլն), այլև նպաստում է վճարային հաշվեկշռի կայունացմանը, ինչը պակաս կարևոր չէ: Այս մասին Orer.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:
Նրա խոսքերով, խնդիրը չի լուծի միայն քննարկումների կազմակերպմամբ, խորհրդակցություններով կամ համապատասխան ռազմավարություններ և ծրագրեր մշակելով, սակայն պետք է ընդունել նաև, որ դրանք արտահանման խթանումն ապահովելող նախապայմանն են:
«Այսօր ականատեսն ենք աշխարհաքաղաքական լրջագույն վերադասավորումների, որոնք միարժեքորեն բերում են նաև տնտեսական շահերի փոփոխության և նոր հնարավորություններ ընձեռում: Մասնավորապես՝ ԵԱՏՄ անդամակցումը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, Ռուսաստանի կողմից կիրառվող պատժամիջոցները և աշխարհաքաղաքական այլ գործընթացներ նպաստավոր պայմաններ են ստեղծում մեր արտադրանքը ԵԱՏՄ տարածք, և առաջին հերթին Ռուսաստան, արտահանելու համար:
Բնականաբար հարց կարող է առաջանալ, թե եթե նպաստավոր պայմաններ են, ապա ինչո՞ւ մենք արտահանման ծավալների ավելացում չունենք: Արտահանման ծավալների մեծացումը առաջին հերթին ենթադրում է նոր շուկաների գրավում: Արտահանվող երկրում անհրաժեշտ է որոշակի վերաբերմունք ձևավորել մեր ապրանքների նկատմամբ: Օրինակ՝ հայկական կոնյակը բրենդ է, հատկապես ԱՊՀ տարածքում, և մեծ հաշվով էական էլ չէ, թե հայկական որ ընկերության արտադրած կոնյակն է, դրսում այն ընկալվում է որպես հայկական կոնյակ, ուստի համարվում է որակյալ: Նույնը անհրաժեշտ է անել այլ ապրանքների ուղղությամբ»,- նշեց Կ. Խաչատրյանը:
Վերջինս նշեց, որ պետք է առանձնացնել այն ապրանքները կամ ոլորտները որտեղ մենք
մրցակցային առավելություններ ունենք ու աշխատել դրանց առաջմղման ուղղությամբ:
«Այստեղ հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ առանձին վերցրած արտադրող կամ արտահանող ընկերությունը ի վիճակի չէ իր վրա վերցնել այդ գործը, ի վիճակի չէ միայնակ հոգալ նոր շուկաների գրավման հետ կապված ծախսերը: Եվ թերևս այստեղ է, որ պետք է ջանքեր գործադրի պետությունը:
Մյուս խնդիրը առնչվում է արտահանմամբ զբաղվող ընկերություններին հասցեական օժանդակություն ցուցաբերելուն: Օրինակ՝ միջազգային սերտիֆիկացման աջակցություն, մաքսային ընթացակարգերի պարզեցում, իրավական կամ այլ բնույթի խորհրդատվության մատուցում: Այս իմաստով պետությունը կրկին հստակ անելիքներ ունի: Եվ այսպես շարունակ»,- ավելացրեց տնտեսագետը:
«Դատելով պաշտոնական տեղեկատվությունից կառավարության գործունեությունում արտահանման խթանումը կրկին առաջնային է դառնում:
Ըստ իս այդ գործում արտահանողների և մասնագիտական լայն շրջանակի ներգրավվածության ապահովումը կարճ ժամկետում կարող է դրական արդյունք ապահովել»,- հավելեց վերջինս: