Ինչպես ընտրել սանրվածք կախված դեմքի ձևից
LifestyleOrer.am-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մի քանի խորհուրդներ, որոնց օգնությամբ դուք կարող եք հեշտությամբ Ձեր դեմքի ձևին համապատասխան սանրվածք ընտրել:
Սանրվածքը պետք է համապատասխանի դեմքի ձևին: Դրա հիմնական նպատակը դեմքին համաչափություն տալն է: Երկարավուն դեմք ունեցողների մազերի առջևի մասը պետք է լինի հարթ: Շատ լայն ճակատի դեպքում խորհուրդ է տրվում թողնել փոքր մազափունջ: Ցանկալի է, որպեսզի մազերը դեմքից երկար չլինեն և սանրված լինեն դեպի կողմերը, որը լայնացնում է դեմքը: Պետք է խուսափել բարձր սանրվածքից կամ շատ երկար, պարանոցին թափվող մազերից:
Եռանկյունաձև դեմք ունեցողների համար լավ է, երբ մազերը մի քիչ երկար են և թեթև ալիքների նման թափվում են մինչև ականջների կեսը: Շատ լայն ճակատը քիչ նկատելի է հմտորեն սարքած մազափնջի կամ մի քանի խոպոպների առկայության դեպքում: Լայնությամբ սանրած խոպոպները կամ գանգուրները լայնացնում են կզակի նեղ մասը:

Նրանք, ովքեր ունեն քառակուսի դեմք, անհրաժեշտ է տալ կլորավուն տեսք և ճակատի շրջանում բարձրություն հմտորեն սանրվելու միջոցով` գանգուրների կամ խոպոպիկների օգնությամբ: Ցանկալի է մազերը հավաքել ականջների հետևում, այն դեպքում, երբ ականջները ցցված չեն և չափից ավելի մեծ չեն: Պետք է սանրվածքի հաշվին դեմքը լայնանալուց խուսափել:
Կլոր դեմք ունեցողներին առանձնապես սազում է մազերը ծոծրակին բարձրացրած սանրվածք, առանձնապես` կարճ սանրվածք: Տեղին է ականջները բաց անել: Հետ ուղղված թեք ճակատը հաճախ զուգորդվում է ներս ընկած կզակով: Սանրվածքը պետք է նպաստի համաչափության հավասարեցմանը ինչպես դեմքի վերևի, այնպես էլ ներքևի մասում:
Մեծ քիթ ունեցողները պետք է ձգտեն առավել հարուստ սանրվածքի առջևից: Այդպիսի դեմքին սազում են նաև նուրբ, ականջները ծածկող խոպոպներ: Ետևի մասում մազերը պետք է սանրված լինեն ալիքներով:
Պատրաստեց Լիանա Կարապետյանը