Եթե ինչ-որ հարցում էլ նմանվել, ապա գոնե ոչ Ուկրաինային
АналитикаՓոփոխություններ ուզում են շատ երկրներում և շատերը, այլ հարց է, թե ինչը ինչի հետ են փոխում և արդյոք յուրաքանչյուր փոփոխությունից հետո մարդկանց կյանքը դառնում է ավելի լա՞վը, թե՞ միգուցե հակառակն էլ լինում: Ուկրաինական «Մայդանը» այդ ցնցումային փոփոխություններից մեկն էր, որը գրավել էր միջազգային հանրության ուշադրությունը: Թվում էր, թե ուկրաինացի ժողովուրդը կազատվի թալանչի օլիգարխ Յանուկովիչից և կյանքը կտրուկ կփոխվի, սակայն փաստացի եղավ հակառակը՝ ամերիկյան սցենարով արված հեղաշրջման արդյունքում Ուկրաինան ոչ միայն ունեցավ տարածքային կորուստներ, ավերածություններ, զոհեր, այլ նաև նախկին թալանչի և անպիտան իշխանություններին փոխարինեցին ոչ պակաս թալանչի ու ոչ պակաս անպիտան, կասկածելի ծագում ունեցող նոր իշխանություններ, պարզապես այն տարբերությամբ, որ նախկինները Ռուսաստանի դրածո էին, ներկաները՝ ԱՄՆ-ի: Բայց, մեծ հաշվով, տարբերություն չկա, թե որտեղի: Երկու դեպքում էլ ժողովուրդը գործ ունի օտարի շահերը սպասարկողների հետ:
Եվ ինչպես և սպասելի էր, նոր իշխանությունները ևս չարժանացան բնակչության առանձնահատուկ համակրանքին, դժգոհներն էլի դժգոհ են, տարաձայնությունները, ինչպես և նախկինում, նույնիսկ Ուկրաինայի Ռադայում, արդեն ավանդույթ դարձած ծեծկռտուքները նույնպես շարունակվում են:Հերթական ծեծկռտուքի մասին սկանդալային տեսանյութը համացանցում արժանացավ շատերի ծիծաղին, մանավանդ երբ երևաց, թե երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը ինչպես է հրապարակավ նվաստանալուց հետո խնամքով վերցնում և ապահով տեղ դնում պատգամավորի՝ իրեն նվիրած ծաղկեփունջը:
Իսկ մեր՝ հայաստանյան հասարակության մեջ կա մի հատված, որը մինչ օրս դեռ հիանում է ուկրաինական «Մայդանով», երազում է, որ մեզ մոտ էլ նման բան լինի, որ մենք էլ նմանվենք Ուկրաինային: Հետաքրքիր է՝ ինչո՞վ են ուզում նմանվել՝ տարածքների կորստո՞վ, քաղաքացիական պատերազմո՞վ, ավերածություններո՞վ, թե՞ Ուկրաինայի նման խորհրդարան ունենալով:
Ես, իհարկե, չեմ ասում, թե մեր խորհրդարանն իդեալական լինելու հետ գոնե հեռավոր աղերս ունի, բայց ամեն դեպքում եթե ուզում ենք ինչ-որ մի հարցում էլ մեկից ընդօրինակել, պետք է գոնե լավը ընդօրինակել, գոնե այնպիսի երկրներից, որոնք առաջընթաց են գրանցել, այլ ոչ թե հետընթաց:
Կարեն Վարդանյան
Orer.am, վերլուծաբան