6 հրդեհ մեկ օրում և անսահման երախտիքի խոսքեր բոլոր կառույցների աշխատակիցներին
ОбществоԴեկտեմբերի 13-ը հրշեջ փրկարարների համար կրկին սկսվեց հրդեհի մասին ահազանգով: Այրվում էր Երևանի Կոմիտասի պողոտայի 22 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկը: Բնակարանի սեփականատերը տանը չէր եղել, ուստի հարևանները փրկարար ծառայություն էին ահազանգել երկու հզոր պայթյունի ձայն լսելուց հետո:
4-րդ և 5-րդ հարկերի թանձր ծուխը թույլ չէր տալիս, որ բնակիչները դուրս գային իրենց տներից և փաստացի նրանք փակված էին մնացել իրենց բնակարաններում և հայտնվել տեղեկատվական վակուումի մեջ: Orer.am-ի հետ զրույցում, սակայն, բնակիչները տեղեկացրեցին, որ փրկարար ծառայությունը ահազանգելուց վայրկյաններ անց հրշեջներն արդեն տեղում էին և սկսել էին իրականացնել հրդեհաշիջման աշխատանքները:
Այն, որ մեր փրկարարները փայլուն են կատարում իրենց գործը, գաղտնիք չէ և այս անգամ էլ նրանք իրենց ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ կարճ ժամանակում մեկուսացրեցին և հանգցրեցին հրդեհը: Փրկարարների հետ միասին բնակիչներին օգնության հասան նաև շտապօգնության աշխատկիցները՝ տեղում անհրաժեշտ օգնություն ցուցաբերելով ծխահարված բնակիչներին: Ինչևէ, ինչպես ասում են, օրը գնաց՝ իր հետ տանելով տխուր հիշողությունները, բայց իր հետևից թողեց բազում խնդիրներ, որոնք կրկին վերացվեցին հաշված ժամերի ընթացքում: Դժվար է բառերով փոխանցել երախտագիրության ու շնորհակալանքի այն խոսքերը, որոնք բնակիչներն ուղղեցին իրենց օգնության ձեռք մեկնածներին:
Տեղեկացնենք նաև, որ նման դեպքերում անվտանգության նկատառումներից ելնելով անջատվում է նաև տեղամասի հոսանքը և գազամատակարարումը: Հրդեհը մարելուց հետո պարզ դարձավ նաև, որ այրվել են նաև բնակարանները սնուցող էլեկտրական լարերը, վնասվել նաև գազի հաշվիչները: Հրդեհի մատուցած «ջերմ անակնկալից» հետո առանց լույսի ու գազի մնացած բնակիչներին անմիջապես օգնության հասան նաև էլցանցի տեղամասային հենակետի աշխատակիցները, փոխեցին էլեկտրական լարերը և մարդկանց դուրս բերեցին խավարի ու ցրտի մեջ հայտնվելու մղձավանջից:
Orer.am-ին դիմած քաղաքացիները խնդրեցին իրենց շնարհակալությունը հայտնել տարբեր ծառայությունների աշխատակիցներին ու ղեկավարներին, ովքեր միահամուռ ուժերով ձեռք-ձեռքի տված վերկանգնեցին կապը, էլեկտրաէներգիան, գազը: Սա կարելի է ինչ-որ տեղ նաև քննություն համարել, ծառայությունների աշխատանքը գնահատելու համար և հանուն արդարության պետք է ասել, որ բնակիչը միայնակ ու անտեր չմնաց իր խնդիրների հետ և առանց որևէ գումար ծախսելու շարունակեց ապրել իր առօրյա հոգսով:
Նշենք նաև, որ ՀՀ ՏԿ և ԱԻՆ նախարարության կայքից պարզ է դառնում, որ դեկտեմբերի 13-ը բավականին հրդեհառատ է եղել (ևս 5 հրդեհ) նաև մայրաքաղաքի և հանրապետության այլ բնակավայրերի համար:
Մասնավորապես, ժամը 09.38-ին հրդեհվել է Երևանի Նազարբեկյան թաղամասի թիվ 25 շենքի բնակարաններից մեկը, ժամը 10.56-ին՝ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի տներից մեկի շքամուտքը և Մ. Մ.-ին պատկանող տան շքամուտքում (30 քմ) ամբողջությամբ այրվել են կենցաղային իրեր (2 բազմոց և բազկաթոռ), մասամբ՝ գորգ (2 քմ), երաժշտական կենտրոն և միկրոալիքային վառարան:
Ժամը 12.45-ին այրվել ենԱրարատի մարզի Մասիս քաղաքի Հերացու փողոցի վերջնամասում, «Մորենա» ռեստորանային համալիրի մոտակայքում գտնվող 20 քմ տարածք զբաղեցնող ավտոտնակներից մեկը, Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում կուտակված 300 հակ անասնակերը, իսկ ժամը 22.07-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Բանավան թաղամասի 2-րդ փողոցում գտնվող՝ Զոդի ոսկու կորզման ֆաբրիկայի փայտյա 60 քմ-անոց փայտյա տնակներից մեկն ամբողջությամբ:
Օրվա հրդեհների ցանկը եզրափակել է դեկտեմբերի 14-ին՝ ժամը 00.02-ին Լոռու մարզի Դսեղ գյուղում գտնվող կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը, ուր ամբողջությամբ այրվել են պահեստի տանիքի փայտյա 32 քմ կառուցատարրերն ու ողջ գույքը:
Այսքանից հետո մնում է ևս մեկ անգամ հիշեցնել, որ սեփական անվտանգությանից ելնելով եղե´ք ուշադիր և մատերի արանքով մի´ վերաբերեք հակահրդեհային անվտանգության կանոններին հետևելու հարցին, և ինչպես ժողովուրդն է ասում, փորձանքը մեկ անգամ է գալիս, իսկ գալուց էլ չի հարցնում թե ով ես:
Արմինե Գրիգորյան