Աստված չտա, որ մենք եւս մեկ անգամ դառնանք գերտերությունների զոհերից մեկը. Արագած Ախոյան
ИнтервьюՀայ-ադրբեջանական հարաբերությունները գնալով ավելի են լարվում: Թեև հայ զինվորներն ամուր են պահում դիրքերը, վերահսկողության տակ վերցնելով իրավիճակը եւ արժանի պատասխաններ հասցնելով թշնամուն, բայց ամեն րոպե հնարավոր են նոր ու ավելի լուրջ զարգացումներ: Սահմանային լարումների եւ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների շուրջ Orer.am-ը զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանի հետ:
«Հետեւելով սահմանին տիրող իրավիճակին ու զարգացումներին՝ կարող եմ ասել, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը կակտիվանա: Դավութօղլուի՝ Ադրբեջան այցից հետո հայտարարվեց, որ ադրբեջանցիները կողմ են Թուրքիայի վարած քաղաքականությանը, այսինքն՝ ռուս-թուրքական հարաբերություններում ձեռնոց նետվեց Ադրբեջանի կողմից: Նրանք, իհարկե, կփորձեն այս շրջանում պարզել իրենց հարցերը, սակայն նրանք պետք է իմանան, որ մենք չենք վախենում, իսկ մենք պետք է վստահենք մեր բանակին ու պաշտպանության նախարարին»,- ասաց պատգամավորը՝ անդրադարձ կատարելով օրերս ադրբեջանական տանկից արձակված կրակոցի դեպքին:
«Սա մի դոզա է, որը այս լարված իրավիճակում ավելի ու ավելի են շատացնում՝ ինքնաձիգ, ականանետ, տանկ, հետո կլինի «Կատյուշա», ինքնաթիռներ եւ այլն: Սա դեպի վատը գնացող գործընթաց է: Տանկից կրակելն արդեն նշանակում է, որ իրենք լարվածության չափաբաժին են ավելացրել, իհարկե, մեր տղաներն իրենց այդ քայլն անպատասխան չեն թողել»,- ասաց նա:
Հարցին թե ինչի կհանգեցնեն տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, ավելի կոնկրետ՝ ռուս-թուրքական հարբերությունների սրացումները եւ ինչ վտանգների առաջ կկանգնի Հայաստանը, պատգամավորը պատասխնեց. «Եթե վերլուծենք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, ապա կտեսնենք, որ Վրաստանն իրեն պատկերացնում է եվրաընտանիքի անդամ, Հայաստանն ընտրեց ԵՏՄ անդամակցությունը, սակայն Ադրբեջանը դեռ չի կողմնորոշվել: Այսօր Ադրբեջանը կփորձի իր «պրոդուկտը» շատ թանկ վաճառել ռուսներին, դա կարող է պայմանավորված լինել ղարաբաղյան խնդրով: Ռուսաստանն էլ, իր հերթին, չի ցանկանա կորցնել Ադրբեջանին, քանի որ Անդրկովկասը միայն Հայաստանով չի սահմանափակվում: Հնարավոր է, որ Ռուսաստանը մեղմ քաղաքականություն վարի Ադրբեջանի նկատմամբ, սակայն դա մեզ համար այնքանով ընդունելի չէ, որ զոհին ու դահիճին իրար կողք են դնում: Բայց, միեւնույն է, դա Ռուսաստանի համար ամենանախընտրած քաղաքականությունն է: Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններին, ասեմ, որ մենք պետք է հնարավորինս չխառնվենք այդ լարված հարաբերություններին, քանի որ շատ լավ գիտենք ու զգացել ենք, թե քանի անգամ ենք խառնվել ու տուժել, քանի անգամ ենք առանց անգամ մեկ փամփուշտ կրակելու Կարս հանձնել ու հետ վերցրել եւ այլն: Այս ընթացքում պետք է շատ զգույշ լինել ու ճիշտ կողմնորոշվել: Եթե հետեւենք պատմությանը, ապա կտեսնենք, որ գերտերությունները մշտապես փորձեր են արել իրենց սահմաններից դուրս իրենց խնդիրները լուծել: Աստված չտա, որ մենք եւս մեկ անգամ դառնանք գերտերությունների զոհերից մեկը: Այս պահին պատմության սխալները թույլ չտալու շեմին ենք կանգնած: Մենք պետք է հիշենք մեր նախնիներին, նրանց կատարած գործերը ու պատրաստ լինենք դիմակայել ցանկացած մարտահրավերի»,- ասաց Արագած Ախոյանը:
Սոսե Չանդոյան