Քանի դեռ ռուս-թուրքական հարաբերությունները սրված են, Ռուսաստանի վարած քաղաքականությունը կլինի առավելագույնս հայանպաստ
АналитикаԻնչ լավ է, որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները վատացան, հակառակ դեպքում ո՞վ էր ընդհանրապես հիշելու, որ ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման գործընթաց կա, ԵԱՀԿ Մինսկի խումբ կա, պարտավորություններ կան, այլ երկրների միջամտությունն արգելելու խնդիր կա: Իսկ Ռուսաստանն այդ մասին հիշեց, և ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարեց, որ Անկարայի հայտարարությունն այն մասին, թե ամեն ինչ կանի, որ Ղարաբաղը վերադարձնի Ադրբեջանին, ապակառուցողական է: Իսկ եթե մեկնաբանեմ ավելի պարզ, Ռուսաստանը Թուրքիային ասաց՝ մի´ խոթեք ձեր քիթը ձեզ չվերաբերվող հարցերի մեջ:
Սա ոչ միայն տեղին էր, այլև պետք էր: Վերջիվերջո, Ռուսաստանն այն երկրներից մեկն է, ով ստանձնել է ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորման պատասխանատվությունը և պետք է առնվազն թույլ չտա այլ երկրների միջամտություն: Ռուսաստանը, փաստորեն, հիշեց իր պարտավորությունների, իր դերի մասին, բայց հիշեց ոչ թե հանուն հայերիս համար, այլ պարզապես Թուրքիային ցավացնելու ևս մեկ միջոց էր, և հնարավոր է՝ կլինեն դեռ շատ միջոցներ: Քանի դեռ ռուս-թուրքական հարաբերությունները սրված են, Ռուսաստանի վարած քաղաքականությունը կլինի առավելագույնս հայանպաստ: Ուստի մեր շահերից է բխում, որ այս երկու երկրների միջև սկսված թշնամանքն ավելի ամրապնդվի և հնարավորինս երկար տևի:
Նույնը առայժմ անիմաստ է ակնկալել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրներից՝ ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից: ԱՄՆ-ն իր դաշնակից Թուրքիային, բնականաբար, չի սաստի, իր պարտավորությունների մասին չի հիշի, կշարունակի հավասարության նշան դնել Հայաստանի և Ադրբեջանի միջև, որովհետև թշնամանք չկա Թուրքիայի հանդեպ, իսկ արցախյան հարցում Հայաստանի համար շահեկան դիրքից հանդես գալը ամենևին չի բխում ԱՄՆ-ի շահերից:
Կարեն Վարդանյան
Orer.am, վերլուծաբան