Հիմա ՕԵԿ-ը ընդդիմությո՞ւն է
АналитикаԸնդդիմության որոշ կարկառուն ներկայացուցիչներ, մասնավորապես ՀԱԿ-ը և Լևոն Զուրաբյանը, սիրում են անընդհատ «մենաշնորհել» Հայաստանի ընդդիմադիր դաշտը, տարբեր առիթներով քննարկել ընդդիմության մյուս ներկայացուցիչների գործողությունները, վարքագիծը և բոլորի փոխարեն որոշումներ կայացնել, թե իրենց ընդդիմադիր հայտարարած կուսակցություններից ու գործիչներից ովքեր են իրականում ընդդիմադիր, իսկ ովքեր են «ծախված» կամ Բաղրամյան 26-ի կողմից ստեղծված, ներդրված:
Որպես կանոն, Լևոն Զուրաբյանի և ՀԱԿ-ի այլ ներկայացուցիչների համար միակ իրական ընդդիմությունն իրենք են, իսկ մյուսներն իրենց դեմ են գործում: Բայց ի՞նչ է ստացվում: Լևոն Զուրաբյանի՝ Սահմանադրական դատարան դիմելու նախաձեռնության շրջանակում դիմումի տակ իրենց ստորագրություններն են դրել նաև ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանը, ինչպես նաև ՕԵԿ խմբակցության պատգամավորները:
Հիմա հիշենք ՀԱԿ-ի վերաբերմունքը վերոհիշյալ պատգամավորների նկատմամբ ոչ հեռավոր անցյալում: Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիրը» ընդհանրապես չեն մասնակցել «Այո»-«Ոչ»-ի գործընթացներին և չեզոք դիրք են գրավել, հետևաբար, արդեն հասկանալի է, որ ՀԱԿ-ի կողմից ընկալվել են որպես «ոչ ընդդիմադիր» կամ «ծախված»: Կարծում եմ, կարիք չկա հիշեցնելու, թե ինչեր էին գրում ՀԱԿ-ականները Փաշինյանի ու ՔՊ-ի մասին: Հիմա Փաշինյանը միացել է ստորագրահավաքին, քանի որ պարզապես դեմ է կեղծիքներին: Հիմա ի՞նչ՝ ըստ ՀԱԿ-ի՝ ՔՊ-ն ընդդիմությո՞ւն է ...
Ալեքսանդր Արզումանյանն ընդհանրապես «Այո»-ի կողմնակից էր, և բնական է՝ ՀԱԿ-ի համար մեխանիկորեն հայտնվել էր «կեղծ ընդդիմության» կամ «ծախվածների» ցուցակում: Բայց Արզումանյանը նույնպես միացավ ստորագրահավաքին՝ հիմնավորելով, որ թեև ինքը «Այո»-ի կողմնակից է, բայց իրեն կեղծիքներով անցկացված «Այո» պետք չէ: Ո՞րը կլինի այս դեպքում ՀԱԿ-ի գնահատականը՝ Ալեքսանդր Արզումանյանն ընդդիմադի՞ր է ...
Եվ վերջապես, նախաձեռնությանը միացվան ՕԵԿ պատգամավորները: Այ, հատկապես այստեղ հետաքրքիր կլինի կլսել Լևոն Զուրաբյանի կարծիքը՝ հիմա ՕԵԿ-ն ընդդիմությո՞ւն է...
Կարեն Վարդանյան
Օrer.am, վերլուծաբան