«Ավանգարդ մոթորս»-ը դո՞ւրս է գալիս շուկայից
ЭкономикаՕրերս թեժ խոսակցություններ էին պտտվում այն մասին, որ «Ավանգարդ մոթորս» ՍՊԸ-ն, որը Daimler կոնցեռնի գլխավոր ներկայացուցիչն է Հայաստանում և որն զբաղվում է Հայաստան Mercedes-Benz մեքենաների բոլոր մոդելների ներմուծմամբ ու վաճառքով, լուրջ ճգնաժամի առաջ է կանգնած: Թե որքանով են տեղեկությունները համապատասխանում իրականությանը և արդյո՞ք «Ավանգարդ մոթորսը» պատրաստվում է դուրս գալ շուկայից, Orer.am-ը ճշտեց «Ավանգարդ մոթորս» ընկերության տնօրեն Գևորգ Գևորգյանից:
«Չգիտեմ, թե ինչ խոսակցություններ են շրջանառվում: Ինձ համար, անկեղծ ասած, նորություն էր այն, որ մենք պատրաստվում ենք շուկայից դուրս գալ: Մինչ օրս մեր ոչ մի քայլ չի ակնարկել, որ պատրաստվում ենք շուկայից դուրս գալ: Մենք միշտ ակտիվ ենք եղել և շարունակում ենք ակտիվ լինել, իսկ շուկայի զարգացումներին հետևում ենք և ինչպես ցանկացած տնտեսվարող սուբյեկտ, մենք ևս մեր մոտեցումներն ենք ցույց տալիս շուկային: «Ավանգարդ մոթորս» ընկերությունը շարժվում է իր ծրագրերի համաձայն: Այն գտնվում է ֆինանսական կայուն վիճակում, ամեն տարի զարգանում ենք և մյուս տարի կփորձենք ավելի առաջ գնալ»,- ասաց վերջինս:
Հարցին թե արդյո՞ք ընկերությունը չունի որևէ խնդիր, Գևորգ Գևորգյանը պատասխանեց.
«Ցանկացած գործունեության ժամանակ խնդիրներ առաջանում են, դրանք չեն լինում այն դեպքում, երբ տնտեսվարող սուբյեկտը որևէ քայլ չի կատարում: Շուկայում խնդիրներ կան, սակայն դա չի նշանակում, որ մենք պատրաստվում ենք շուկայից դուրս գալ: «Ավանգարդ մոթորսը» զարգացող ընկերություն է, որը լայնածավալ գործունեություն է իրականացնում: Նորից ասեմ, որ ընկերությունը չի պատրաստվում ինչ-որ խնդիրների պատճառով դուրս գալ շուկայից: Երբ տնտեսական վիճակի հետ կապված հարցեր են լինում, կարող եմ վստահեցնել, որ դրանք շտկվում են»:
Հարցին, թե արդյո՞ք «Ավանգարդ մոթորս»-ի սեփականատերը տեղյակ է այն խնդիրներից, որոնք ժամանակ առ ժամանակ առաջանում են, ընկերության տնօրենը նշեց, որ մեծ ընկերությունները որոշ ժամանակ առաջընթաց են գրանցում, իսկ որոշ ժամանակ էլ անկում են ապրում:
«Կարծում եմ, որ ցանկացած սեփականատեր, ով հասկանում է բիզնեսից, նորմալ է վերաբերվում դրան, ինչպես մեր ընկերության սեփականատերը»,- ասաց նա:
Ինչ խոսք, ցանկացած ընկերություն թերևս կերազեր ունենալ «Ավանգարդ մոթորս»-ի ներկայիս տնօրենի պես կադր, ով հնարավորինս գեղեցիկ ու իդեալականին մոտ ցույց կտար ընկերության աշխատանքը, բայց, դե մենք էլ հո գիտենք, որ Հայաստանում այսօր իդեալական ոչինչ չկա, պարզապես կան գեղեցիկ խոսքեր ու խոստումներ, որոնք դեռ տարիներ առաջ ժողովրդին տվեց նույն «Ավանգարդ մոթորս»-ի սեփականատեր Էդիկ Ավետիսյանը, ով ջարդուփշուր արեց Երիտասարդական պալատը՝ հայտնի «Կուկուռուզնիկը»՝ օդում կախված թողնելով միլիոնների ներդրումները: Բայց դե միլիոններն էլ հեչ, դուք «Կուկուռուզնիկը» հետ բերեք, մեր «Կուկուռուզնիկը»:
Ախր, այն այնքան գեղեցիկ շինություն էր… Մի ամբողջ քաղաքի սիմվոլ ավերեցիք, մի երկու մերսեդեսն ինչ է, որ շուկայից չհանեք...
Սոսե Չանդոյան