Լազարյան ճեմարանի պատմությունը Հայաստանի և Ռուսաստանի պատմության վառ էջերից է. ՀՀ ԱԳ նախարար
ОбществоՄոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում դեկտեմբերի 22-ինՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանըներկա է գտնվել Լազարյան ճեմարանի 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը։
Միջոցառմանը ներկա էին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) ռեկտոր, ակադեմիկոս Անատոլի Տորկունովը, բուհի դասախոսներ, շրջանավարտներ և ուսանողներ։
Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը նշել է.«Խորհրդանշական է, որ երկու ամիս առաջ Երևանում կայացած ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումն անցավ հենց Լազարյան ճեմարանի 200-ամյակի խորագրի ներքո ու դրան նվիրված մի շարք միջոցառումներ էին կազմակերպվել, որոնցից էին՝ միջազգային ֆորումի թեմատիկ նիստերից մեկը, հոբելյանին նվիրված գրքերի շնորհանդեսը, հատու կ այդ կապակցությամբ թողարկած նամականիշի մարումը, լուսանկարչական ցուցահանդեսը։ Հենց այդ ժամանակ էլ միտք ծագեց այդ ցուցահանդեսը ներկայացնել նաև Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, և ուրախ եմ, որ այսօր այն կյանքի է կոչվում։
Ինձ համար՝ որպես արաբագետի, արևելագետի, ՄԳԻՄՕ-ի շրջանավարտի, Հայաստանի արտգործնախարարի, մեծ պատիվ է ձեզ հետ միասին ներկա գտնվելու այս ցուցահանդեսի բացմանը։ Լազարյան ճեմարանի պատմությունը Հայաստանի և Ռուսաստանի պատմության վառ էջերից է։ Այն Մոսկվայի արևելագիտական դպրոցի և ՄԳԻՄՕ-ի պատմության կարևորագույն էջերից է։
Ըստ էության, Ռուսաստանում Լազարյան ճեմարանը հանդիսացել է դիվանագետների պատրաստման առաջին մասնագիտացված կրթօջախը և միաժամանակ դարձել է հայկական մշակույթի կարևոր կենտրոն։ Այստեղ են ուսանել բազմաթիվ ականավոր գործիչներ, հայ, ռուս, այլ ժողովուրդների ներկայացուցիչներ։ Լազարյան ճեմարանի հետ առնչվել են այնպիսի մեծեր, ինչպիսիք են՝ Պուշկինը, Լերմոնտովը, Գրիբոևդովը, Այվազովսկին, Տուրգենևը և շատ այլոք։ Լազարյան ճեմարանի առաքելությունը միգուցե լավագույն ձևով ներկայացրել է հայտնի ռուս պատմաբան Սերգեյ Գլինկան` բնութագրելով այն որպես հոգիների և մտքի մերձեցման օջախ»։
ՄԳԻՄՕ-ի ռեկտոր, ակադեմիկոս Անատոլի Տորկունովն իր խոսքում անդրադարձել է Լազարայանի հարուստ գիտական և գրական ժառանգությանը՝ նշելով. «Ճեմարանում ստեղծվել էր մի յուրահատուկ գրադարան, որտեղ հավաքված էին հազվագյուտ հրատարակության հազարավոր հատորներ, եզակի ձեռագրեր, որոնց մի փոքր մասն է միայն պահպանվել ՄԳԻՄՕ-ի գրադարանում։ Այդուհանդերձ, Լազարյան ճեմարանի գրական ժառանգությունը համարվում է մեր համալսարանի գրադարանի զարդը։ Լազարյան ճեմարանի շնորհիվ մեզ են հասել անգամ XIII դարի ձեռագրեր»։
Այնուհետև Էդվարդ Նալբանդյանը շրջայց է կատարել ցուցահանդեսում, ծանոթացել ՄԳԻՄՕ-ի գրադարանի հազվագյուտ գրքի մասնաբաժնում պահպանվող Լազարյանների գրադարանի ցուցադրությանը։
Ցուցադրվող նմուշների մեջ ներկայացված են լուսանկարներ Լազարյանների ընտանիքի, նրանց ծավալած գործունեության վերաբերյալ, ինչպես նաև` Լազարյան ճեմարանի հիմնադրմանը, կառավարմանն առնչվող փաստաթղթեր։
Ցուցանմուշներում առանձնահատուկ տեղ են գրավում Լազարյան ճեմարանի շինության մասին տեղեկությունները, առկա են Ճեմարանի կողմից հրատարակված աշխատությունների եզակի նմուշներ, ուսանողների, շրջանավարտների և դասախոսների լուսանկարները, նրանց շնորհած պատվոգրերը և մեդալները։