Ադեկվատության սով
АналитикаՄեր հասարակության հետ ակնհայտորեն մի բան կատարվում է, ու այստեղ Նոր տարին էլ չօգնեց: Իսկ կատարվում է այն, որ հասարակության մի հատված կորցնում է իր իմունիտետը և հեշտությամբ է «զոմբիանում», ընկնում ազդեցությունների տակ: Բավական է՝ մեկը համացանցում մի հիմարություն հրապարակի, որը, իհարկե, ունենում է հատուկ նպատակ, միանգամից մարդկանց մի մեծ խումբ «կուտը ուտում» է, ընկնում ազդեցության տակ ու ոչ միայն սկսում է տարածել հրապարակված հիմարությունը, այլև նույնիսկ էլ ավելի ոգևորված պաշտպանում է այդ հիմար հրապարակման մեջ արտահայտած մտքերը:
Արդեն մի քանի օր է, ինչ սոցիալական ցանցում տարածվում է ձմռան ցրտին խրամատում կանգնած ու մրսող զինվորի նկարը՝ սրտաճմլիկ, հոգեցունց, «ռազմահայրենասիրական» (պարզապես այս դեպքում՝ երևի թե ադրբեջանամետ «ռազմահայրենասիրական») մեկնաբանություններով, թե տեսեք՝ ինչ վիճակում է մեր զինվորը, նրան «բուշլաթ» չեն տալիս հագնելու (չնայած որ նկարի վրա այդպիսի բան չի երևում), տեսեք ինչ պայմաններում է նա ծառայում և այլն, և այլն... Ու հետաքրքիրն այն է, որ նման հիմարություններն ակտիվ տարածողներից շատերը բանակի հետ կապված տեսարաններ տեսել են միայն գեղարվեստական ֆիլմերում, իսկ իրական կյանքում ինչ-որ «հրաշքով» ազատված են եղել զինվորական ծառայությունից կամ ընդհանրապես իգական սեռի են:
Հիմա մի փոքր ինֆորմացիա տամ վերոհիշյալ նկարի ազդեցության տակ ընկած տարածողներին ու ազդեցության տակ ընկնողներին, բայց ոչ նկարի տարածումը միտումնավոր նախաձեռնողներին, որովհետև վերջիններս հստակ իրենց աշխատանքն են կատարում՝ պղտորում են մթնոլորտը: Ուրեմն հարգելիներս, սահմանին՝ դիրքերում, խրամատներ են և այդ խրամատների մեջ զինվորները կանգնած հերթապահում են 2-ական ժամ, հսկում են սահմանը: Տարին ունի 4 եղանակ՝ գարուն, ամառ, աշուն և ձմեռ: Ամռանը շոգ է, իսկ ձմռանը՝ ցուրտ, մանավանդ սարերում՝ ավելի ցուրտ:
Ձմռանը ձյուն է գալիս, գետինը սառցակալում է, բայց զինվորները հերթապահում են, որովհետև սահմանը մնում է սահման, և, իհարկե, կանգնում են խրամատում: Անպատճառ հագնում են տաք «բուշլաթներ», որոնցից բոլոր զինվորները ունեն, բայց քանի որ ձմեռ է, ձյուն է, սառույց է ու ցուրտ, զինվորները, միևնույն է, կարող են մրսել, ով էլ դիրքերում ծառայել է՝ կհիշի, որ առնվազն մի քանի հարյուր անգամ այդպես մրսած կա: Ուրեմն խրամատներն էլ եվրո-ստանդարտներով սարքված շինություններ չեն՝ հերմետիկ փակված ու եվրոլուսամուտներով: Խրամատներում ջեռուցման «Բաքսի» համակարգեր տեղադրված չեն, վառարաններ ու բուխարիներ չկան, որոնց մոտ զինվորը կարող է նստել, ոտքերը դնել աթոռակին և տաքացնել: Զինվորները մարտական հերթապահություն իրականացնելիս կրուասանով թեյ չեն խմում ու տաքանում, որովհետև նրանք մարտական հերթապահություն են իրականացնում: Եվ վերջապես, բանակը սանատորիա չէ, բանակում զինվորը կոփվում է, սովորում է պատրաստ լինել բոլոր տեսակի իրադրություններում գործելու: Այո՛, զինվորը կարող է մրսել էլ, ի՞նչ է՝ դուք չգիտեի՞ք...
Այդ պատճառով ես երկու խորհուրդ կտամ չիմացող մարդկանց: Առաջինը՝ գնացեք որոշ ժամանակ ծառայեք և այլևս նման հարցեր ոչ մեկի մոտ չի առաջանա և երկրորդ՝ նմանատիպ հիմարությունները տարածելուց առաջ հիշեք զինվորի մարտական հերթապահության մասին այն ինֆորմացիան, որը տվեցի վերևում քիչ առաջ, հիշեք ու այլևս չեք տարածի: Նաև հիշեք, որ կա այնպիսի մի հասկացություն, որը կոչվում է ադեկվատություն: Ի դեպ, ասեմ նաև, որ այսօր մեր հասարակության որոշ շրջանակների մոտ արդեն ադեկվատության սով է նկատվում:
Կարեն Վարդանյան
Orer.am,վերլուծաբան