Կնոջ ճիշտ կեցվածքի մասին
LifestyleՄեր ժամանակներում ավելի շատ կանայք ունեն ճիշտ կեցվածք և լավ կազմվածք, հատկապես երբ երիտասարդ են և շարժուն: Ցավոք, շատերը կարևորություն չեն տալիս ճիշտ կեցվածքին: Հաճախ կարելի է տեսնել կախ ուսերով, կորացած, դուրս ցցված փորով կանանց:
Ճիշտ կեցվածքն ունի ոչ միայն ֆիզիոլոգիական, այլև հոգեբանական նշանակություն: Այն բարձրացնում է ինքնազգացողությունը և լավացնում տրամադրությունը: Կեցվածքի ճշտությունը կարելի է ստուգել հետևյալ եղանակով. Մեջքով հենել դեպի պատը այնպես, որ կրունկները դրանից հեռու լինեն 10 սմ: Գլխով, ուսերով և նստատեղով կպնել պատին: Եթե ամբողջ մեջքը հենվում է դրան, նշանակում է ձեր կեցվածքը ճիշտ է: Եթե, սակայն, գոտկատեղի և պատի միջև տարածությունը սմ ավելի է, նշանակում է ձեր նստատեղը չափից ավելի դուրս եկած է:
Ճիշտ կեցվածք ունենալու համար անհրաժեշտ է պահպանել մի քանի կանոն, որոնք էլ Orer.am-ը ներկայացնում է Ձեր ուշադրությանը:
- Գլուխը պետք է այնպես պահել, որ ականջաբլթակները և ուսերը լինեն մի ուղղաձիգ գծի վրա: Քիթը, սակայն, չպետք է վեր բարձրացնել, ծնոտն` առաջ գցել: Հայացքը պետք է ուղղված լինի առաջ, այլ ոչ թե վերև կամ գետնին: Քայլելու ժամանակ չպետք է գլուխը ճոճվի: Խոսելիս գլուխը պահել ուղիղ և հանգիստ: Կտրուկ շարժումներ չպետք է անել:
- Ուսերը պահել բարձր և քիչ դեպի հետ:
- Կրծքավանդակը պետք է լինի ուղիղ: Այդ դիրքին կհասնեք, եթե վեր կենաք ուղղված, ընդ որում խոր ներշնչելով և ապա արտաշնչելով ու կրծքավանդակը թույլ թողնելով հավաքված փորի դեպքում:
- Փորը միշտ հավաքել ներս: Դրան կարելի է հասնել հեշտ, եթե առավոտյան մարմնամարզության ժամանակ կատարեք մի քանի վարժություն փորի մկանների համար:
- Կանգնելիս ոտքերը մեկը մյուսին մոտ պահեք: Մի ոտքը կարելի է թեթևակի առաջ բերել:
- Մարմնի շարժումները գեղեցիկ են, եթե ազատ են և բնական: Հաճախ ընկերախմբում մենք չգիտենք որտեղ թաքցնել մեր ձեռքերը: Ձեռքերի չափից ավելի մասնակցությունը խոսակցության մեջ առաջացնում է վատ տպավորություն: Ձեռքերը երբեք չխաչեք կրծքին, չդնեք կողքերին: Եթե անգամ նյարդային վիճակում եք, ձեռքերը մի դրեք հետ` գոտկատեղի վրա: Մատների նյարդային շարժումը մատնում է ձեր վիճակը:
- Ուշադրություն դարձրեք աթոռից վերկենալիս: Չպետք է հենվել ծնկների կամ արմնկակալների վրա: Հակառակ դեպքում դուք կթողնեք անդյուրաշարժի տպավորություն: Վերկենալիս մի օգնեք ձեզ ձեռքն առաջ տարածելով: Վեր կացեք միայն ազդրերի մկանների ուժի հաշվին: Գեղեցիկ կեցվածքը կարևոր է յուրաքանչյուրի համար, այնպես որ` հետևեք ձեզ:
Պատրաստեց Լիանա Կարապետյանը