Վարչակարգի լեզուն
АналитикаԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի արդեն հայտնի դարձած ֆեյսբուքյան գրառումը հերթական անգամ վիրտուալ կրքեր է բորբոքել՝ առաջ բերելով սպասելի արձագանքներ, թե ինչպես կարող է երգչուհին, ինտելեկտուալը, արվեստի մարդը փողոցային լեզվով հոխորտալ ինչ-որ մեկի վրա: Այս արձագանքներում, որքան էլ տարօրինակ է, հնչում են կարծիքներ, թե նման տոնայնությունն ու բառապաշարը առավել հատուկ են Առաքել Մովսիսյանին (Շմայս) և նույն դասակարգի այլ պատգամավորների: Հենց այս զարմանքն էլ ըստ էության, մեղմ ասած, տարօրինակ է:
Վերջիվերջո, անկախ նրանից, թե վիրտուալ տարածքում ինչ և ինչպիսի զգացմունքային արտահայտություններ են հնչում այս կամ այն գործչի հասցեին, հարկավոր է գիտակցել, թե ինչ համակարգի մաս է կազմում տվյալ գործիչը: Հարկ է շեշտել, որ չնայած անձնական որակներին, վերջնական արդյունքում գործչի կերպարը կազմում և ուղղորդում է ոչ թե նրա լեզուն, բառապաշարը, կրթական մակարդակը կամ կարդացածության աստիճանը, այլ ուղղակիորեն այն համակարգը, որի մեջ նա գտնվում է:
Այս տեսանկյունից արդեն բոլորվին էական չէ այս կամ այն պատգամավորի անձը կամ անձերի համեմատությունը, քանի որ ցանկացած համակարգ, առավել ևս, երբ այդ համակարգը նույնանում է վարչակարգի հետ, բերում է համահարթեցման: Մեր խնդիրն իրականում Շուշան Պետրոսյան կամ Առաքել Մովսիսյան պատգամավորներիի անձը չէ, այլ այն կառույցը, որը ներկայացնում են այս և մնացած պատգմավորները: Տվյալ պարագայում այդ համակարգը ներկայիս վարչակարգն է, որը կառավարության ղեկավարը քաղաքական խոսքը կառուցում է «բամփելու» վրա, որի Ազգային ժողովի խոսնակի մտքի գոհարներից կարելի է հատորներ կազմել, որի Հանրապետական խմբակցության ղեկավարի ելույթներում սպրդում են քրեորեն պատժելի տարրեր պարունակող արտահայտություններ:
Նման իրավիճակում մեղադրել կամ զարմանալ Շուշան Պետրոսյանի կամ մեկ ուրիշի բառապաշարի վրա, մեղմ ասած, միամտություն է, քանի որ այդ բառապաշարն այն լեզվամտածողության արգասիքն է, որն ստեղծում է համակարգը: Եվ այստեղ կրկին անգամ պետք է շեշտել, որ որ ոչ թե անհատներն են իրենց հարմարեցնում համակարգը, այլ համակարգն է իր մեջ տարրալուծում անհատին: Այն պահին, երբ հանրությունը կգիտակցի այս պարզ ճշմարտությունը, այլևս չի քննադատի կամ գովերգի համակարգի որևէ մասնիկի, այլ քննադատության կամ գործողության թիրախ կընտրի վերջապես այն ողնաշարը, որը ղեկավարում է համակարգի բոլոր անդամներին:
Բացի այս՝ պետք է շեշտել նաև մի կարևոր հանգամանք՝ ցանկացած իշխանական համակարգում օդիոզ գործիչների և կերպարների առկայությունը յուրօրինակ գոլորշի բաց թողնելու նպատակ է հետապնդում, քանի որ վերջիններս կամա թե ակամա իրենց վրա են վերցնում հանրային դատափետման հիմնական չափաբաժինը՝ ուժասպառ անելով նույն այդ հանրությանը:
Աղասի Մարգարյան
Orer.am, վերլուծաբան