Իշխանության «վատ» կադրերը
АналитикаԵվ այսպես, Կարեն Անդրեասյանը համալրեց պաշտոնավարման բնականոն ժամկետը չավարտած Մարդու իրավունքների պաշտպանների շարքերը: Որքան էլ տարօրինակ թվա, պարզվում է՝ այս հարցում վարչակարգը մշտապես ընտրում է «վատ» կադրերի, ինչպես արտահայտվում էր ժամանակին Քոչարյանը: Իսկ գուցե ներկայիս իշխանությունները վերջապես թողնեն ձևականությունները և վերացնեն Մարդու իրավուքների պաշտպանի ինստիտուտն ընդհանրապես, քանի որ, ինչպես փորձը ցույց է տալիս, վարչակարգն այդպես էլ չի կարողանում գտնել կատարյալ հլու-հնազանդ, կամակատար պաշտպանի, իսկ բոլոր նրանք, ովքեր նման հույսեր են ներշնչում, ժամանակի ընթացքում բոլորովին հակառակ արդյունք են ցույց տալիս:
«Եթե Վճռաբեկ դատարանը լիներ վստահելի, ապա Վարդան
Պետրոսյանի վթարի, Ավետիք Բուդաղյանի սպանության, «Հարսնաքարում»
Վահե Ավետյանի սպանության դեպքերում ամեն քաղաքացի չէր փորձի
դառնալ դատավոր, փոխարենը կսպասեր Հայաստանի դատարանի արդար
վճռին: Եթե Վճռաբեկ դատարանը արդար գործեր, ապա Երևանում
տրասնպորտի գնի թանկացման, Կոմիտաս 5-ի խնդիրների, Փակ շուկայի
ապօրինի շինարարության դադարեցման, Մարցի, Թռչկանի ու այլ վիճելի
ՀէԿ-երի կառուցումը դադարեցնելու, Տիգրան Առաքելյանի
պաշտպանության, Լյուքս Ստեփանյանի և այլ զորակոչիկների սպանության
բացահայտման, Թեղուտի բնապահպանական խնդրի լուծման համար
մարդիկ արդարադատություն չէին փնտրի փողոցներում»:
Այս տողերը պատկանում են Կարեն Անդրեասյանին, և մի՞թե այսքանը բավարար չէ, որ վարչակարգն ազատվի նման ՄԻՊ-ից: Անշուշտ, բավարար է: Այստեղ, սակայն, մի հարց է ծագում՝ արդյոք առկա իշխանությունը, նախքան ՄԻՊ թեկնածուի ընտրությունը, չի հաշվարկում արդյունքները և հերթական անգամ կանգնում է կատարված փաստի առջև, այն է՝ ունենում է նորմալ Մարդու իրավունքների պաշտպան, որը, բնականաբար, չի բխում իր շահերից:
Թերևս միամտություն կլինի կարծել, որ նման հաշվարկ չի արվում, սակայն, ըստ էության, Հայաստանի մարդու իրավունքների բոլոր պաշտպանները, անկախ իրենց նշանակման հիմքերից ու շարժառիթներից, հայտնվելով այդ պոստում, ուղղակիորեն և խորքային առերեսվում են երկրում առկա իրավունքների ոտնահարումների ու ոտնձգությունների ահռելի քանակին կամ թե ակամա սկսում են հակադրվել վարչակարգի ուղեծրին, որը, բնականաբար, բերում է նրանց հրաժարականին:
Իրադարձությունների նման զարգացումից առավելապես տուժում է հանրությունը, քանի որ յուրաքանչյուր հրաժարական տված պաշտպանի փոխարեն վարչակարգը փորձելու է գտնել նոր, առավել թույլ և ապարատին դիմակայելու ներուժ չունեցող գործչի, որը վերջապես կվերածվի վարչակարգի գործիքի այնպես, ինչպես գործիքի են վերածված արդարադատության համակարգը, ոստիկանությունն ու վարչական կառույցները:
Այստեղ, ցավոք սրտի, պետք է սպասել, որ հաջորդ ՄԻՊ-ը լինելու է արդեն գերազանցապես իշխանության կամ որ ավելի վատ է, Հանրապետական կուսակցության դրածո՝ դրանով իսկ առավելապես արժեզրկելով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն ընդհանրապես: Սակայն այս ամենն իշխանական լծակների մոտ հայտնված Հանրապետական կազմակերպությանն առանձնապես չի էլ հուզում, քանի որ վերջինս հայտնի միջոցներով վավերացնելով Սահմանադրության փոփոխությունը՝ անշեղորեն և ոչնչի առջև կանգ չառնելով շարժվում է դեպի կուսակցական մենատիրություն:
Աղասի Մարգարյան
Orer.am, վերլուծաբան