Մռայլ մտքեր
АналитикаԵս չգիտեմ ինչպես գրել մահվան մասին: Ֆեյսբուքում, լրատվամիջոցներում ամենուր շատերը գրում են, հայտնում են, ցավակցում են «տխրության սմայլիկներով», ես՝ չգիտեմ:
Մեկ տարի է անցել Գյումրիում կատարված սպանդից, մոտավորապես այդքան էլ Ռազմական ինստիտուտում կատարված ոճրագործությունից: Ինչ գրել և ինչ ասել: Ոճրի դեմ բառեր չկան, մահը լռություն է: Սահմանն անհանգիստ է, զոհեր և էլի ոչինչ չկա ասելու, չպետք է լիներ, միայն լուռ կսկիծ: Մինչդեռ…. Մեկն իր ցավն արտահայտում է ազգի դեմ նողկանքով, մյուսը ոչ պակաս նողկալի սկսում է հայհոյել նրան և բոլորը մոռանում են, որ մահը լռություն է:
Մեկ տարի է անցել, դատախազը «տղամարդու խոսքեր» էր սփռում, նամակներ գրում, որոնք այդպես էլ հասցեատիրոջը չէին հասնում: Ֆարսը շարունակվում է, շարունակվում է մինչ օրս՝ փաստացի Ռուսաստանի տարածքում կատարվող դատական գործընթացով: Այս թոհուբոհը համալրվում է նոր զոհերով՝ խոզի գրիպ կամ այլ անվան տակ: Համատարած մահվան մեջ մարդիկ կորցնում են ադեկվատությունը: Ոմանք հայտարում են, թե չկա համաճարակ, չկա հիվանդություն և այդ բոլորն իշխանության խաղերն են: Բայց կան զոհերը և անգամ նրանք դառնում են շահարկման թեմա: Պետք չէ մեղադրել ոչ մարդուն, ոչ իշխանությանը այն բանում ինչում նա նույնպես զոհ է:
Մեր իշխանությանը նոր զոհեր պետք չէ վերագրել, նա դրանց պակասը չունի: Չեք մոռացել չէ՝ Մարտի մեկ և տասնյակ զոհ, ռազմական ինստիտուտ և սպանված կուրսանտ, Ավետիսյանների սպանդ և իմպոտենտ արդարադատություն, բայց ոչ խոզի գրիպ: Ակամայից հիշում ես ոստիկանապետին. Սթափվեք, այլապես մահը դառնում է զանգվածային հոգեխանգարմունք: Աբսուրդը տեղափոխվում է լրատվական դաշտ, որտեղ կողք-կողքի տեղավորվում են հերթական զոհն ու հեռուստատեսային ցածրորակ սերիալի կիսադերասանի փռշտոցը:
Լռեք մահվան մասին, եթե շահարկելու եք այն, լռեք մահվան մասին, եթե չարախնդալու եք, լռեք մահվան մասին, եթե այն ինքնահաստատման հարթակ եք սարքելու:
Վերջապես լռեք, եթե ասելիք չունեք:
Աղասի Մարգարյան
Orer.am, վերլուծաբան