Թե՞յ, թե՞ սուրճ
LifestyleԹվում է, թե մենք ամեն ինչ գիտենք թեյի և սուրճի մասին, բայց վերջին հետազոտությունների արդյունքները, որոնք Ձեր ուշադրությանն է ներկայացնում Orer.am-ը, կզարմացնեն ձեզ:
Նույնիսկ բրիտանացիներն են ընդունում այն փաստը, որ իրենց սիրած ազգային ըմպելիքը՝ թեյը, լուրջ մրցակցության մեջ է լատեների, կապուչինոների, էսպրեսոների և բազմատեսակ այլ սուրճերի հետ, որոնք գրավում են աշխարհի շուկաները:
Արթնանալու կոչը
Մարդիկ առավոտյան առույգ արթնանալու համար նախընտրում են ըմպել սուրճ կամ թեյ, քանի որ երկու ըմպելիքներն են պարունակում են կոֆեին, որը «վառելիք» է մարդու օրգանիզմի համար: Կոֆեինի պարունակության չափով թեյը զիջում է սուրճին, քանի որ այն երկու անգամ ավելի շատ է կոֆեին պարունակում քան թեյը: Սուրճը պարունակում է 80- 115 մլգ կոֆեին, իսկ թեյը՝ ընդամենը 40 մլգ: Սակայն եթե դուք թեյը և սուրճը պատրաստեք նույն թնդության, ապա թեյն առավել արդյունավետ կլինի ուղեղի աշխատանքի համար:
Եվրոպացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ կոֆեինը միակ խթանիչը չէ: Հնարավոր է նաև, որ մեր սպասումներն են որոշում, թե որքան առույգ ենք մեզ զգում կամ էլ դա կախված է մեր համային, հոտային զգացողություններից և մեր սիրելի ըմպելիքից, որը արթնացնում է մեր զգայարանները:
Այս փուլում, տրամաբանությանը հակառակ, թե՞յ, թե՞ սուրճ «պայքարն» ավարտվում է ոչ-ոքի:
Քնի որակը
Սուրճի և թեյի միջև ամենամեծ տարբերությունը կարող է ի հայտ գալ այն ժամանակ, երբ գլուխը դնեք բարձին:
Միացյալ Թագավորության Սուրրեյ համալսարանի հետազոտողները, համեմատելով մարդկանց, ովքեր նույն քանակությամբ սուրճ կամ թեյ են խմել, հաստատել են, որ չնայած երկու ըմպելիքներն էլ օրվա ընթացքում հավասարաչափ են բարելավում ուշադրությունը կենտրոնացնելու ձեր կարողությունը, այնուամենայնիվ, սուրճ ըմպողներն ավելի դժվար են քնում: Հավանաբար, դրա պատճառը կոֆեինի բարձր պարունակությունն է:
Այս փուլում «հաղթում է» թեյը:
Ատամների գույնը
Ինչպես կարմիր գինին, այնպես էլ թեյն ու սուրճը ճերմակ ատամները կարող են դեղնացնել կամ շագանակագույն դարձնել:
Ատամնաբույժները համաձայն են այն մտքի հետ, որ թեյի մեջ եղած պիգմենտները ավելի շատ են ներկում ատամի արծնապակին, քան սուրճինը:
Եթե դուք ցանկանում եք ունենալ անթերի ժպիտ, ապա սուրճը երկու «չարիքներից» փոքրագույնն է:
Բալասան անհանգիստ հոգիների համար
Ընդունված է համարել, որ թեյը հանգստացնում է նյարդերը: Իսկապես, կանոնավոր կերպով թեյ խմողները ավելի հանգիստ են արձագանքում արտաքին գրգռիչներին:
Չնայած այն փաստին, որ սուրճը չի վայելում նույն հեղինակությունը և չի հանգստացնում նյարդերը, կան ենթադրություններ, որ այն կարող է պաշտպանել երկարատև մտավոր խնդիրներից: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ օրական մի գավաթ սուրճը նվազեցնում է ընկճախտի հավանականությունը 8%-ով:
Բալասան մարմնի համար
Օրական մի քանի բաժակ թեյ կամ սուրճ ըմպելը կարող է նվազեցնել շաքարախտի առաջացման հավանականությունը: Երկու ընպելիքներն էլ չափավոր պաշտպանում են սիրտը, չնայած այստեղ սուրճը մի փոքր առաջնություն ունի: Իսկ թեյը ավելի օգտակար է զարգացող քաղցկեղը կանխարգելելու դեպքում, հավանաբար, շնորհիվ իր հակաօքսիդանտների:
Ամփոփելով գիտնականների եզրակացությունները՝ կարելի է հանգել այն եզրակացության, որ երկու խմիչքներն էլ հիանալի և զարմանալի էլիքսիրներ են, իսկ թե որ խմիչքին տալ առավելությունը, արդեն ճաշակի խնդիր է:
Ա.Գ