Կառավարությունը լավ էլ խելացի է, այդ մենք ենք միամիտ
АналитикаԵկել է կոմունալ վճարները մուծելու օրերը և բազմաթիվ քաղաքացիներ զարմանքի մեջ են. պարզվում է՝ կոմունալները սպասվածից շատ են: Իսկ ես, օրինակ՝ զարմանում եմ մեր քաղաքացիների վրա, որ վերջիններս դեռ զարմանում են: Իսկ, ներողություն, ուրիշ ի՞նչ էին ակնկալում՝ սպասում էին, որ կառավարությունն իր խոսքի տերը կլինի և ամբողջությամբ կսուբսիդավորի՞ էլեկտրաէներգիայի վարձերը, հավատացե՞լ էին իշխանությունների խոստումներին: Ներեցեք, բայց 25 տարի ապրելով այս որակի իշխանությունների ղեկավարության ներքո՝ մարդը առնվազն պետք է իմունիտետ ձեռք բերած լիներ իշխանությունների բոլոր խոստումներին հեշտությամբ հավատալու հարցում, որովհետև սա խոստման չկատարման ո՛չ առաջին դեպքն է, ո՛չ էլ հավանաբար վերջինը:
Իսկ կառավարությունն իր անելիքը լավ գիտի, լավ էլ ամեն ինչ հաշվարկել էր: Ասել էր՝ կսուբսիդավորի և սուբսիդավորում է և այսօր կարող է Երվանդ Զախարյանին ուղարկել լրագրողների մոտ, որ վերջինս ասի, թե էլեկտրաէներգիայի վճարի ավելացված մասը փոխհատուցվում է: Այո՛, փոխհատուցվում է, բայց բնակչության քանի՞ տոկոսինը: Չէ՞ որ մեր խելացի կառավարությունը սուբսիդավորում խոստանալուց անմիջապես հետո էլ իր համար նիշ է սահմանել, թե պետք է սուբսիդավորեն միայն նրանց, ովքեր ամսական ծախսում են մինչև 250կվ/ժ էլեկտրաէներգիա: Կարծում եք՝ այդ նիշը պատհակա՞ն է սահմանվել: Իհարկե, ոչ: Ամենապարզ հաշվարկները կարող են ցույց տալ, որ էլեկտրաէներգիայով բնակարանը ջեռուցելու դեպքում գործնականորեն անհնար է ձմռան ամիսներին 250կվ/ժ-ը չանցնելը: Իսկ բնակիչների մեծ մասն էլեկտրաէներգիայով է ջեռուցում բնակարանները: Հետևաբար, ստացվեց, որ սուբսիդավորումից իրականում շատ քչերն են օգտվում:
Իսկ դուք ասում եք, թե մեր կառավարությունը խելացի չի: Լավ էլ խելացի է, այդ մենք ենք միամիտ, որ հավատում ու դեռ զարմանում ենք:
Կարեն Վարդանյան
Orer.am,վերլուծաբան