Ինչ-որ մեկը խնդրել է կամ հանձնարարել Կիրիլ պատրիարքին ավելացնել հակաէրդողանական ալիքները
ОбществоՕրերս Համայն ռուսիո պատրիարք Կիրիլը հարցազրույցի ժամանակ խոսել է ժամանակին Օսմանյան կայսրությունում տիրող իրավիճակի մասին՝ նշելով, որ տվյալ տարածքում քրիստոնյաները չեն հետապնդվել: Թե քաղաքական ինչ ենթատեքստ է պարունակում հոգեւոր առաջնորդի այս հայտարարությունը, Orer.am-ը ճշտեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցից:
«Նրա խոսքերն այսօր այլ կերպ են մեկնաբանվում, իրականում Կիրիլ պատրիարքը ասել է, որ Օսմանյան կայսրությունում երբեւիցէ չեն հետապնդվել քրիստոնյաները, այլ ոչ թե կոնկրետ հայերը: Սակայն, ինչ խոսք, նրա այս հայտարարությունը վկայում է պատմության դեմ: Դա ես համարում եմ արջի ծառայություն: Կա´մ պատրիարքը ինչ-որ մեկի հանձնարարականն է կատարել, որը պատկերացնելը դժվար է, կա´մ տեքստը խմբագրել են: Մենք գիտենք, որ այսօր դժվար չէ որեւէ ձայնագրություն կամ տեսագրություն կեղծել»,- ասաց քաղաքագետը: Բոլորս էլ գիտենք, որ քրիստոնյաները Օսմանյան կայսրությունում միշտ են հետապնդվել եւ ամոթ է, որ Կիսելյովն ու Կիրիլն այդ մասին չգիտեն: Ամբողջ աշխարհը գիտի, որ, որպես քրիստոնյաներ, հետապնդվել են ոչ միայն հայերը, այլեւ հույները, բուլղարները, սերբերը, այսինքն՝ ուղղափառ եկեղեցու հետեւորդները: Ռուսները գոնե թող Բալկանյան թերակզու պատմությունը հիշեն»,- ասաց նա:
Խոսելով հնչեցված հայտարարության քաղաքական ենթատեքստի մասին՝ Ս. Շաքարյանցն ասաց. «Այս հայտարարությունն ինչ-որ ձեւով հասկանալ կարելի է, կարծում եմ՝ ինչ-որ մեկը խնդրել կամ հանձնարարել է Ռուսիո եկեղեցու առաջնորդին ավելացնել հակաէրդողանական ալիքները, սակայն պետք է ասեմ, որ դա այդպես չեն անում: Սա ոչ թե Կիրիլ պատրիարքի, այլ քաղաքական կոնյուկտուրայի արտահայտություններից է, քանի որ նա իր վերաբերմունքը դրսեւորել է այն ժամանակ, երբ Ծիծեռնակաբերդում ծաղկեպսակ է դրել: Այ, դա է եղել նրա վերաբերմունքը Հայոց եկեղեցու ու հայ ժողովրդի նկատմամբ: Եթե ինչ-որ մեկը վատ հիշողություն ունի, մենք կարող ենք դա թարմացնել: Այս պարագայում մեր եկեղեցին պետք է արձագանքի»:
Սոսե Չանդոյան