Գերհուզականությունը...
АналитикаՀայերը նորից ընկնում են գերհուզականության հետևից ու մոռանում ցանկացած երևույթին երկկողմանի նայել փորձելու ունակության մասին: Հիմա Արամի փողոցի շենքի քանդելն է հունից հանել շատերին, ընդ որում, սա հենց էմոցիանալ բնույթ է կրում: Միգուցեև և մարդիկ ճիշտ են, բայց էմոցիաների չափը, աստիճանը, երևույթին գերողբերգական երանգներ տալը ...
Եկեք սկզբից սթափ փորձենք նայել. շենքը կառուցում են, այդ շենքում ապրում են, շենքը կանգուն է մնում 50, 100, 200, երբեմն՝ ավելի, երբեմն էլ՝ պակաս տարիներ և ի վերջո կարող է փլվել: Կարող է և չփլվել, բայց յուրաքանչյուր շինության համար վաղ թե ուշ գալու է մի շրջան, երբ այդ շինությունը կարող է դառնալ վտանգավոր: Եվ երբ շենքը փլվում է, նման դեպքերում կարող են մարդիկ էլ վնասվել, նույնիսկ զոհեր լինել: Իսկ մարդկային կյանքը կամ թեկուզ մարդկանց առողջությունը հնություններից ու պատմական արժեքներից գոնե ավելի կարևոր է, իմ կարծիքով, թե՞ ես սխալվում եմ: Եթե սխալվում եմ, կներեք:
Ես ստույգ չգիտեմ՝ շենքը վտանգ ներկայացնում էր, թե չէ, դա մասնագետները կիմանան ու դրանից է կախված այն հարցը, թե՞ արժե հայհոյել քանդողներին, թե՞ ոչ: Եթե վտանգավոր էր, ուրեմն չարժե: Հնարավոր է նաև, որ շենքը ոչ մի վտանգ չէր ներկայացնում և, այդքանով հանդերձ, քանդեցին: Այդտեղ արդեն կմնա ասել՝ ամո՛թ քաղաքային իշխանություններին, և բոլոր քննադատությունները միանգամայն տեղին են:
Բայց մի բան էլ կա՝ քննադատելիս էլ եկեք գերողբերգական երանգներ չհաղորդենք մեր խոսքին և մեր քաղաքի գույները արհեստականորեն լրիվ սևացված չներկայացնենք: Օրինակ, սոցիալական ցանցում բազմաթիվ գրառումներ եմ արդեն տեսել հետևյալ ոճի մեջ՝ «Հռոմից ավելի հին քաղաքում ոչ մի հին շենք չմնաց, նույնիսկ 100 կամ 50 տարվա շենք չմնաց»:
Հարգելինե՛րս, ուրեմն նման հայտարարություններ անելուց առաջ, խնդրո՛ւմ եմ, մի՛ զլացեք և մի փոքր ուսումնասիրեք մեր քաղաքին վերաբերող նյութերը, որոնք համացանցում էլ հասանելի են ու կտեսնեք, որ Երևանում այսօր կան տասնյակ շենքեր, որոնք ոչ միայն 50, այլ մոտ 100 տարեկան են, դեռ մի քիչ էլ ավելի: Այդ շենքերի կողքով դուք միգուցե ամեն օր անցնում եք: Մի փոքր հուշում անեմ, օրինակ՝ Աբովյան փողոցի շենքերի մի զգալի մասը բավականին հին է՝ մոտ մեկդարյա, այդ թվում՝ թիվ 1 հիվանդանոցի շենքը, ԵՊՀ-ի «սև» մասնաշենքը և մի շարք այլ շենքեր: Այնպես որ, մենք մեր քաղաքում զբոսաշրջիկներին, բացի Հյուսիսային պողոտայից, այլ բաներ ունենք ցույց տալու, հավատացեք:
Կարեն Վարդանյան
Orer.am, վերլուծաբան