Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը նպաստում է տարածաշրջանի կայունությանը. Սեյրան Օհանյան
ОбществоՀայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը նոր որակ է հաղորդում երկու բարեկամական երկրների համագործակցությանն այդ ոլորտում: Այս մասին հունվարի 20-ին հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի բացմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Ես առաջին հերթին ցանկանում եմ ընդգծել հանձնաժողովի աշխատանքի դրական դինամիկան և շնորհակալություն հայտնել ձեր աշխատանքի համար, որը նպաստում է մեր բարեկամական պետությունների պաշտպանունակությանը՝ հանգեցնելով տարածաշրջանում կայունության և անվտանգության»,-ընդգծեց նախարարը:
Նախարարը նշեց, որ հանձնաժողովը հանդիսանում է համակարգող մարմին, որը պատասխանատու է երկու երկրների միջև տարբեր մակարդակներում հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար: «Հանձնաժողովի աշխատանքի ձեռքբերումներից մեկը Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման վերաբերյալ համաձայնագրի ուժի մեջ մտնելն է, որը նոր որակ է հաղորդում մեր համագործակցությանն այդ ոլորտում»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նախարարը հավելեց, որ հայկական կողմն արդեն պատրաստել է կառավարության որոշումը համաձայնագրի իրականացման կարգի վերաբերյալ, որը նախօրոք համաձայնեցվել է շահագրգիռ գերատեսչությունների հետ: «Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է իր պատրաստակամությունը հետագայում ևս անհրաժեշտ քայլեր ձեռնարկել հանձնաժողովի հետ համագործակցելու համար՝ ռազմատեխնիկական համագործակցության բոլոր ուղղություններով համատեղ ջանքերը խորացնելու հարցում»,- ընդգծեց նախարարը:
Պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց ռուսական կողմին համագործակցության և մատչելի գներով սպառազինություն մատակարարելու համար, ինչը ՀԱՊԿ ընդհանուր սահմանից հեռու գտնվող Հայաստանին տարածաշրջանում հավասարակշռությունը պահելու հնարավորություն է տալիս:
Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահող, ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային գործակալության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը ևս դրական գնահատեց հանձնաժողովի աշխատանքը՝ շեշտելով, որ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության խորացումը նպաստում է թե Հայաստանի, թե Ռուսաստանի ազգային անվտանգության ամրապնդմանը: «Այսօր արդեն հանձնաժողովի 10-րդ հոբելյանական նիստն է ընթանում, և պետք է ասել, որ վերջին տարիներին մենք կարողացել ենք լուծել շատ բարդ խնդիրներ: Ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունը ոչ միայն հնարավորություն է տալիս մեր երկրներին ունենալ ուժեղ զինված ուժեր, այլ նաև զարգացնել ռազմարդյունաբերական համակարգը»,- նշեց Բիրյուլինը:
Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել հանձնաժողովի 9-րդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման ընթացքի, ռազմատեխնիկական համագործակցության իրավական-նորմատիվ բազայի կատարելագործման, ՀՀ տարածքում սպառազինության և ռազմական տեխնիկայի վերանորոգման և տեխնիկական սպասարկման համար սերտիֆիկացված սպասարկման կենտրոնների ստեղծման ոլորտում համագործակցության իրականացման, ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման, ՀՀ տարածքում ռազմական նշանակության արտադրանքի վերանորոգման ու սպասարկման կենտրոնի ստեղծման հարցում համագործակցության, ռազմական, երկակի ու հատուկ նշանակության արտադրանքների ցուցահանդեսներին ՀՀ և ՌԴ կազմակերպությունների և ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ հարցեր:
Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը կանցկացվի 2016թ. երրորդ եռամսյակում Ռուսաստանի Դաշնությունում: