Վաղը կմեկնարկի «Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» թեմայով համաժողովը
ОбществоՀունվարի 21-22-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կազմակերպած «Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» թեմայով որակի ապահովման երրորդ ֆորումը, որի նպատակն է քննարկել ոլորտի ներկայիս զարգացումները և ձեռքբերումները Հայաստանում և արտերկրում, վեր հանել լավագույն փորձը:
Երկօրյա խորհրդաժողովի ընթացքում զեկույցներով ու քննարկումներով հանդես կգան հեղինակավոր դասախոսներ և կրթության կառավարման մասնագետներ Հայաստանից, Վրաստանից և եվրոպական երկրներից: Միջոցառման ընթացքում շահակիցների հետ ընդհանուր քննարկումներ տեղի կունենան «Ուսուցումն արդյունավետ է, եթե …», «Ինչպես են շահակիցները ներգրավված կրթական ծրագրերի մշակմանը» և «Ուսուցման արդյունավետության բարձրացման ուղիները որակի ներքին և արտաքին ապահովման տեսակետից. պրակտիկ փորձ» թեմաներով:
Ընդհանուր քննարկումներից հետո խորհրդաժողովը կշարունակվի զուգահեռ ընթացող սեկցիոն նիստերով, որտեղ զեկույցների և քննարկումների միջոցով կներկայացվի կրթության արդյունավետության ապահովման հայկական, վրացական և եվրոպական բուհերի լավագույն փորձը: Միջոցառման ինֆորմացիոն հովանավորներն են «Արարատ» հեռուստաընկերությունը, «Լրատվական ռադիո»-ն (FM 106.5), «Արմենպրես» լրատվական գործակալությունը, Orer.am լրատվական-վերլուծական կայքը:
Ա. Գ.