«Ջղային» վարչապետը
АналитикаՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ենթակա պաշտոնյաների վրա «ջղայնանալու» իր սովորույթը գնալով ավելի ակտիվ է սկսում կիրառել: եթե նախկինում վարչապետները տարին մեկ էին «ջղայնանում», այն էլ՝ որոշակի գործընթացներից առաջ, հիմա արդեն, կարելի է ասել, որ դարձել է ամիսը մեկ, նույնիսկ մի բան էլ ավելի հաճախ: Հիմա էլ աշխատանքից ուշանալու համար է սկսել բարկանալ նախարարների վրա և նույնիսկ ասել է, որ հետամուտ կլինի, որ ժամանակին բոլորը աշխատանքի գան և ժամանակից շուտ աշխատանքից չհեռանան:
Ինչ խոսք, շատ լավ է, որ վարչապետը որոշեց խոստություն մտցնել, նաև նախարարների գրաֆիկը վերահսկել, ստիպել նրանց պարտաճանաչ դառնալ, պարզապես ես չեմ կարծում, որ մեր նախարարները միայն վերջերս են սկսել աշխատանքից ուշանալ, իսկ նախկինում ուղղակի փայլում էին պարտաճանաչությամբ ու ճշտապահությամբ: Նախարարները աշխատում են այնպես, ինչպես միշտ էլ աշխատել են, ինչո՞ւ վարչապետը նախկինում չէր հիշեցնում նրանց, որ աշխատանքը նաև համապատասխան ժամեր ունի: Ինչո՞ ւ Հովիկ Աբրահամյանը հատկապես վերջերս սկսեց ավելի հետևողական լինել կամ գոնե այդպես ցույց տալ:
Իմ կարծիքով՝ պատասխանը պարզ է՝ մինչև 2017 թվականը մեզ քիչ մնաց, իսկ 2017-ից մեզ արդեն նոր՝ «խորհրդարանական Հայաստան» է սպասում, և այդ «խորհրդարանական Հայաստանում», իհարկե, Հովիկ Աբրահամյանն էլ, ինչպես և շատ ուրիշները, կուզի իր տեղն ունենալ, և որ այդ տեղը լավ տեղ լինի: Իսկ դրա համար պետք է արդեն ցույց տալ, որ որպես վարչապետ ինքը լավ է աշխատում: Հետո՞ ինչ, թե ժողովուրդը վատ է ապրում, կարևորը «ջղային» լինելն է ...
Կարեն Վարդանյան
Orer.am, վերլուծաբան