ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը՝ ՄԻՊ-ի կատարած աշխատանքի մասին
Общество2016 թվականի հունվարի 12-ին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարական էր ներկայացրել ՀՀ Ազգային ժողով: Սկզբնական շրջանում նա հրաժարվել էր որեւէ մեկնաբանություն տալ՝ կապված իր այդ որոշման հետ, սակայն հետագայում տրված մեկնաբանությունն առանձնակի տեղեկատվություն չէր էլ պարունակում: Մարդու իրավունքների պաշտպանի որոշման եւ դրա անակնկալ լինել կամ չլինելու մասին Orer.am-ը զրուցեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ:
«Բավական դժվար է գնահատական տալ Մարդու իրավունքների պաշտպանին, անձին: Կարծում եմ, որ եթե մարդն իր կամքով ու պատկերացումներով հրաժարական է տվել, ապա դրա վերաբերյալ գնահատական հնչեցնելը շնորհակալ գործ չէ: Որպես գնահատական՝ մինչ օրս նրա կողմից կատարած աշխատանքի վերաբերյալ, կարող եմ ասել միայն դրականը: ՄԻՊ-ին բոլոր բացթողումներով, թերություններով, ընկալումներով, քայլերով թողնենք անցյալում: Իսկ այդ ինստիտուտի կայացվածության աստիճանի վերաբերյալ կարծիքը թողնենք այն մարդկանց, ովքեր հետագայում կգնան տվյալ կառույց աշխատելու»,- ասաց Հովհաննես Սահակյանը:
Ինչ վերաբերվում է այն հարցին, թե արդյոք Կարեն Անդրեասյանի այդ որոշումն անակնկալ էր ԱԺ պատգամավորների համար՝ հաշվի առնելով Կ. Անդրեասյանի վերջին հաշվետվության ժամանակ ունեցած ելույթը, Հ. Սահակյանը նկատեց. «Ես անակնկալի եկա այդ որոշումից, նրա հետ տվյալ թեմայով չէի զրուցել, տեղյակ չէի: Ենթադրություններ անգամ չկային նրա հրաժարականի մասին: Ինչ վերաբերում է պատգամավորների կողմից հնչեցված քննադատություններին, ապա ասեմ, եթե 2014 թվականի ԱԺ-ում իր զեկույցի քննարկմանը հետեւին, կնկատեին, որ ես էլ եմ բավական սուր քննադատությամբ հանդես եկել: Սակայն պետք է նշեմ նաեւ, որ օրենսդրական բարեփոխումների շրջանակներում բավական մեծ աշխատանքներ է կատարել պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն ու մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը: Հետեւաբար, Ազգային ժողովում հնչեցված քննադատություններն ու ելույթները չի կարելի դիտարկել որպես կանխատեսելիության որոշակի չափանիշ»:
Սոսե Չանդոյան