Գալուստ Գրիգորիչի մրցակիցը
Аналитика«Հիմա մեր ասածը հաստատելու համար մարդուն տանենք ընտանիքից կտրե՞նք, դատապարտե՞նք, ինչ է, թե Հանրապետականն ասել է՝ պետք է պատժվեն մարդիկ։ Պատժվում է այնքանով, որքանով, որ նրան այդ արարքի համար հասնում է պատիժ կրել։ Կան փաստեր, հարուցված գործեր եւ հարուցված գործերի համար պատիժներ»:
Սույն միտքը հնչեցրել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, այսինքն մարդ, ով դատավոր չէ, տվյալ գործով փաստաբան չէ, ավելին, մեղադրող դատախազ չէ: Հասկանալի է անկեղծությունը սեփական թիմի և սեփական կեղծարարների առջև: Բայց այդքան բացահա՞յտ: Կարելի էր, չէ՞, մի քիչ սեթևեթել, հասարակության աչքին ևս մեկ անգամ թոզ փչելու համար հայտարարել, որ տեսնում եք դատարանները անկախ չեն, կաշառված են, այ, որ նոր Սահմանադրությունը գործադրվի, ամեն ինչ իր տեղում կհայտնվի և նման խնդիրների չենք հանդիպի: Բայց չէ: Մարդը շատ անկեղծ ու բաց տեքստով ասում է, որ մեր թիմը անպատժելի է:
Իհարկե, գնահատելի է նման անկեղծությունը: Առավել ևս, եթե նայենք այն ֆոնին, երբ պարոնն արտահայտությունն հնչեցնում է ոչ միայն իր կողմից, այլ ամբողջ կուսակցության: Ձևակերպումը` ինչ է, թե Հանրապետականն ասել է, ինքնին խոսուն հանգամանք է: Սա սիրո առահավատչյա է բոլոր այն կեղծարարներին, որոնք ծառայություն են մատուցում իշխող կուսակցությանը: Պարզվում է, այդ ծառայություններն այդքան էլ արջի չեն, ինչպես հայտարարում են իշխողների առաջին դեմքերը: Եվ հետո, ի՞նչ է նշանակում արջի ծառայություն: Ի վերջո, մենք ապրում ենք բարեկիրթ երկրում, ոչ թե ինչ-որ գազանանոցում: Հուսամ՝ սարկազմն այստեղ ընդունելի էր:
Սակայն առաջին հայացքից ոչ այդքան անմեղ թվացող այս ձևակերպումը և միտքը շատ ավելի մեղսավոր է, քան կարող ենք պատկերացնել: Դասականի լեզվով ասված՝ սա յուրատեսակ «մեսիջ» էր բոլոր այն կեղծարարներին, որոնց մասով ինչ-ինչ քրգործեր են հարուցվել կամ ընթացքի մեջ, այսինքն, ձևակերպումը հստակ էր՝ մենք մեր թիմին չենք թողնի, որ նեղվի որևէ պարագայում: Սա գալիս է լրացնելու ամենաթողության և հանցավոր անպատժելիության մթնոլորտը: Հասկանալի է, երբ իշխող համակարգն այլևս չունի այլ լծակ, քան կրիմինալն է, չի կարող հրաժարվել այս վերջինից: Հայտնվելով քաղաքականապես բացարձակ մեկուսացած և հասարակության աջակցությունից զուրկ վիճակում՝ ցանկացած տոտալիտար համակարգ փորձում է գտնել վերարտադրվելու իր ուղին և մեր իշխանությունն այս մասով բացառություն չէ:
Անկախ այն գնահատականներից, որ կտան միջազգային այս կամ այն կառույցները, սելվորը լավագույնը գիտի, թե ինչու է ճռռում իր սայլը: Իսկ սայլը ճռռում է, որովհետև այլևս ուժ չունի: Մյուս կողմից՝ սա արտացոլումն է հասարակական անարդարության և օրենքի ընտրական կիրառման: Հիշո՞ւմ եք հայտնի «պեչենի» օպերացիան, որ հայոց ոստիկանությունը կատարեց ամենաբարձր պրոֆեսիոնալ մակարդակով: Մարդն ընդամենը երկու բլիթ էր գողացել ու ոչ թե հարստանալու համար, այլ պարզապես սոված էր: Ոստիկանությունն իր այդ գործողության շնորհիվ հերթական անգամ դարձավ ծիծաղի առարկա: Բոլորը միաբերան պնդում են, թե Հայաստանի զարգացման տեսլականը թաքնված է ազատ և արդար, էլ չասեմ թափանցիկ (սա մի քիչ ինտիմ բաղադրիչն է ընտրական պրոցեսի) ընտրությունների անցկացման մեջ: Բայց այդ տեսլականը միանգամից հօդս է ցնդում, երբ երկու բլիթը հավասարազոր է դառնում ընտրություն կեղծելուն: Այստեղ արդեն ողբերգությունը վերամարմնավորվում է տրագիկոմեդիայի:
Անշուշտ, տողերիս հեղինակը չէր ուզի, որ որևէ մեկը բանտարկվեր, այն էլ այս իշխանությանը ծառայություն մատուցելու համար: Այսինքն, շատ ավելի շահեկան կլիներ բոլորիս վիճակը, երբ նման իրողությունների կարիք չունենայինք: Բայց ունենք այն ինչ ունենք, և ապագա ընտրություններից առաջ նման ձևակերպումները և հայտարարությունները նախ և առաջ ուղղված են սեփական թիմին, այսինքն, հետագա կեղծիքները ևս դառնալու են անխուսափելի: Ու քանի իշխողները բավարար ձայներ չեն ունենալու, էլ ավելի են ամրապնդելու կեղծելու և բռնաճնշումների մեքենան: Այս առումով դրական ոչինչ չսպասեք:
Հ. Գ. Հայ հասարակությունը սովոր էր, որ նման «անմեղ մտքեր» արտահայտելու միակ իրավունքը պատկանում է Գալուստ Գրիգորիչին: Բայց պարզվում է, նա մրցակից ունի: Մտահոգիչ է:
Վահրամ Թոքմաջյան
Orer.am, վերլուծաբան