Լրագրողի կողմից խնդիրը մի փոքր չափազանցրած ներկայացնելը իրավաչափ է. Լ. Բաղդասարյան
ОбществоՆախորդ տարիների համեմատ վերջին շրջանում գնալով շատացել են ԶԼՄ-ների և լրագրողների դեմ հարուցված դատական հայցերը: Դատարան դիմողների «աշխարհագրությունը» թեև բավականին տարբեր է, բայց բոլորի ցանկությունը մեկն է՝ սխալ տեղեկություն տրամադրելու համար ներողություն խնդրել և իրենց պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար տույժ վճարել:
Ի դեպ, տուժի չափը սիմվոլիկ համարվող 1 դրամից կարող է հասնել մինչև միլիոնավոր դրամների, որը ցանկացած լրատվամիջոցի համար բավական մեծ գումար է: Ու եթե որոշ դեպքերում անզեն աչքով անգամ հստակ երևում է, որ տվյալ հոդվածի հեղինակը բոլոր առումներով անցել է չափի սահմանները, ապա շատ դեպքերում առանց որևէ կոնկրետ վիրավորանք հասցնելու, ընդամենը ձեռքի տակ եղած փաստերը հրապարակելու համար է 4-րդ իշխանության ներկայացուցիչը հայտնվում դատարանի դահլիճում: Ինչևէ, այսօր ունենք այն, ինչ ունենք, բայց կա արդյոք մի կետ, որից այն կողմ սկսվում է այսպես ասած «չի կարելի»-ի սահմանը:
Լևոն Բաղդասարյանը, ով տարիներ շարունակ դատարաններում և արտադատարանական միջոցներով ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքները դատական ատյաններում պաշտպանելու համար օրերս ճանաչվեց «Տարվա լավագույն փաստաբան», Orer.am-ի՝ ո՞րն այն սահմանը, որից այն կողմ լրագրողն իր հոդվածով խախտում է քաղաքացու, պաշտոնյայի կամ քաղաքական գործչի իրավունքը հարցին ի պատասխան ասաց, որ երբ կշեռքի նժարի մի կողմում դրված է ազատ արտահայտվելու իրավունքը, իսկ մյուս նժարին՝ անձի արժանապատվությունը, ապա երկուսն էլ կարևոր արժեքներ են.
«Լրագրողը, երբ հոդված է գրում, սպիտակ ձեռնոցներ չի հագնում և, այո´, լրագրողը որպեսզի կարողանա ցույց տալ, թե ինչ բացեր կան հասարակությունում, պետք է կարողանա նաև ցնցել: Այդ ցնցման մեջ կարող են լինել նաև վիրավորական տարրեր»,- ասում է Լ. Բաղդասարյանը:
Նա, մեջբերելով Եվրոպական դատարանում քննված իտալացի լրագրողի գործը, նշեց, որ լրագրողն իր հոդվածում պատգամավորին ասել էր «հիմար», բայց նա դա ասել էր քաղաքական գործչին ցնցելու և նրա գործունեության բացերը ցույց տալու համար: Ու եթե ազատության և դեմոկրատիայի անվան տակ լրագրողը տեսնում է, որ իր երկրում որոշակի գործառույթներ են իրականացվում, որոնք կարող են իր երկրին վնաս հասցնել, ապա կարող է ցնցող հոդված գրել ու նաև վիրավորական որակումներ օգտագործել:
«Այդ դեպքում դատարանը պետք է տեսնի, թե արժանապատվության հետ կապված վիրավորանքն ինչ աղերս ունի և ինչ էր այն հետապնդում: Եվ ամենակարևորը, որ երբ անձի անունը հայտնի է դառնում հասարակության մեջ, ապա անձը պետք է պատրաստ լինի նաև քննադատվել: Իսկ լրագրողի խնդիրն է, ինչու չէ նաև մի փոքր չափազանցրած ներկայացնել խնդիրը, որը, իմ կարծիքով, իրավաչափ է: Բայց, իհարկե, ամեն ինչ պետք է լինի ոչ անձնավորված, չափի մեջ, իսկ վիրավորական մակդիրները պետք է վերաբերեն անձի գործունեությանը»,- ասաց Լ. Բաղդասարյանը:
Նա նաև նշեց, որ լրագրողները բավականին մեծ ու դժվարին աշխատանք են կատարում՝ ի հզորացում հասարակության և հայրենիքի, որը թեև շատ անշնորհակալ գործ է համարվում, բայցև օգնում է, որ շատ հարցեր իրենց պատասխանները ստանան: Իսկ ինքը՝ որպես իրավապաշտպան, պատրաստ է օգտակար լինել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ անկախ նրանից, թե տվյալ լրատվամիջոցն իշխանակա՞ն ուղղվածություն ունի, թե՞ ընդդիմադիր:
Արմինե Գրիգորյան