Տոլմայով ընդդեմ խավիարի
АналитикаՀայաստանյան հիմնականում իշխանական կամ մերձիշխանական մամուլը նոր հեծանիվ նվեր ստացած մանկան ցնծությամբ ընդունեց ԵԽԽՎ-ում բրիտանացի պատվիրակ Ռոբերտ Ուոլթերի հեղինակած զեկույցի տապալումը, որն ընդգծված հակահայկական շեշտ ուներ: Այս ցնծության մեջ կարծես թե մոռացվեց, որ սերբ պատվիրակի հակահայկական զեկույցն ընդունվել է:
Իրականում, այս մասին չէ, որ կցանկանայինք խոսել: Բոլորին է հայտնի, որ անկախ ընդունվել կամ չընդունվելուց՝ ԵԽԽՎ-ի զեկույցներն ընդամենը խորհրդատվական բնույթ ունեն և որևէ իրավական հետևանք չեն ենթադրում և այս առումով հայաստանյան մամուլի և որոշակի օղակների ոգևորությունը չափազանցված է:
Սակայն մեկ այլ տեսանկյունից ԵԽԽՎ-ում քվեարկության դրվող զեկույցները փայլուն ինդիկատորներ են, որոնք ցույց են տալիս ուժերի հարաբերակցությունը, քաղաքական քարոզչության նրբերանգներն ու տարվող աշխատանքները: Հենց սրա վրա էլ կանգ առնենք:
Նախ՝ մինչ զեկույցների քվերակությունը հայաստանյան պատվիակությունը՝ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ, այդպես էլ չկարողացավ Ադրբեջանի «խավիարային քաղաքականության» հիշատակումներից վեր բարձրանալ: Բացի այս՝ ինչպես մենք կարող ենք տեսնել նույն Ուոլթերի զեկույցում, մասնավորապես զեկույցի 20-30-րդ կետը ներառյալ, հայաստանյան պատվիրակությունը Նաղդալյանի անձնական պատասխանատվությամբ ցուցաբերել է քաղաքական ճկության ապշեցուցիչ բացակայություն՝ հրաժարվելով համագործակցել զեկուցողի հետ և երբեմն էլ անհարգալից վերաբերմունք դրսևորել:
Իհարկե, անգամ նման քաղաքական անհեռատեսությունից հետո էլ հայաստանյան պատվիրակության ղեկավարն ու անդամներից ոմանք չեն խուսափում իրենց և իրենց աշխատանքի վերագրել Ուլթերի զեկույցի տապալումը: Իրականում, փոքր-ինչ ուշադիր քննության արդյունքում պարզ կդառնար, որ զեկույցի տապալումը առավելապես պայմանավորված էր նախ՝ Մինսկի խմբի հայտարարությամբ, ապա՝ ավանդաբար հայաստանամետ պատվիրակությունների՝ զեկույցին դեմ քվեարկելով: Ավելին, հարկ է շեշտել, որ բրիտանական պատվիրակությունը ևս դեմ է քվեարկել իրենց հայրենակցի զեկույցին:
Զեկույցի քվեարկությունն ըստ էության հաջորդ ինդիկատորն է, որը ցույց է տալիս Հայաստանի արտաքին գերատեսչության աշխատանքը կամ աշխատանքի բացակայությունը: Այս տեսանկյունից պետք է, որ Հայաստանի կամ ՀՀ արտգործնախարարության համար առավել հետաքրքրություն ներկայացներ Վրաստանի պատվիրակության դիրքորոշումը, որը բոլորովին էլ Հայաստանի շահերից չի բխում, քանի որ պատվիրակությունը կողմ է քվեարկել հակահայկական բանաձևերին: Սա ընդամենը վկայում է այն մասին, թե հայաստանյան իշխանություններն ու մասնավորապես արտաքին գործերի գերատեսչությունն ինչ վերաբերմունք են դրսևորում մեր ուղղակի հարևանի նկատմամբ և վրացական պատվիրակության նման վարքագիծն էլ հերթական անգամ պայմանավորել «խավիարային քաղաքականությամբ», պարզապես մանկամտություն է:
Այս ամենից հետևում է, որ հայաստանյան պատվիրակության ղեկավարը լավագույն դեպքում կարող է ադրբեջանական «խավիարային քաղաքականությանը» դիմակայել միայն հետևելով իր կուսակցական ընկերուհու խորհրդին՝ խավիարին հակադրելով հայկական ավանդական, իր ձեռքով փաթաթած տոլման:
Աղասի Մարգարյան
Orer.am, վերլուծաբան