Ազատության հրապարակում հավաքվածները միասնաբար հանդես կգան
ОбществоՄարտի 1-ին Ազատության հրապարակում հավաքված անձինք, ովքեր ներկայացնում են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը, ամփոփելով օրերս անցկացված ասուլիսը, հայտնեցին, որ ամեն ինչ իր հունով է գնում: Վիրապ Ստեփանյանը, խոսելով մարդկանց նվազ հոսքի մասին դեպի Ազատության հրապարակ, Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց. «Մարդկանց հոսքի հետ կապված ակնկալիքները սովորականի պես էին: Կապված եղանակային պայմանների հետ՝ պարզ էր, որ մարդկանց հոսքը շատ չէր լինելու: Հետտոնական շրջան է, մարդիկ, այսպես ասած, ադապտացիայի կարիք ունեն»:
Ինչ վերաբերում է անցկացված ասուլիսին, ապա Վ. Ստեփանյանն ասաց. «Քննարկվել են մեր հետագա քայլերն ու անելիքները: Մինչեւ ամսի մեկը լինելու են իրազեկմանը նվիրված միջոցառումներ, հիմնականում մարզերում, իսկ արդեն Մարտի 1-ին համազգային հանրահավաք է լինելու: Մենք միասնական ենք լինելու»:
Պարգեւ Բադեյանն էլ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մարտի 1-ից «Նոր Հայաստանն» ու ՀԱԿ-ը միասնական հանդես կգան, նշեց, որ ընդհանուր հարցերի շուրջ միասնականություն կդրսեւորվի, իսկ հիմնական ծրագրի շրջանակներում ՀԱԿ-ի հետ համագործակցություն չի լինի: «Գաղափարական մեծ հակասություն կա երկու ուժերի մեջ, բայց տակտիկական առումով որոշակի համագործակցություն կարող է լինել»,-ասաց նա:
«Մենք դեմ ենք 2017 թվականի ընտրություններին, պետք է անել ամեն բան, որ այդ ընտրությունները չկայանան: Վիճակը սարսափելի է, որքան շուտ վերանա այս իշխանությունը, այնքան լավ: Մենք ուզում ենք, որ ժողովրդին նվիրված մարդիկ լինեն իշխանության գլխին, մեր ազգը միայն այդ դեպքում կփրկվի ոչնչացումից, այո´, մեր ազգն այսօր ոչնչացման եզրին է կանգնած»,- հայտարարեց նա: