Քիչ է մնում՝ մարմնավաճառներն էլ սեքսի ժամանակ քաղաքականությունից խոսեն
АналитикаՀայաստանի հասարակությունը երևի թե իր քաղաքականացվածության աստիճանով համաշխարհային ռեկորդ կսահմանի: Սա մի ունիկալ հասարակություն է, որտեղ բոլորը խոսում են միայն քաղաքականությունից: Մտնում ես խանութ գնումներ անելու, վաճառողը մինչ դրամարկղի մոտ գումարը ստանալը հասցնում է «լուրջ քաղաքական մեկնաբանություն» անել վերջին օրերի իրադարձությունների հետ կապված, նստում ես տաքսի և վարորդին խնդրում ես, որ անջատի ռաբիզ երաժշտությունը, ավելի մեծ կրակի մեջ ես ընկնում. վարորդն էլ սկսում է «քաղաքական մեկնաբանություններ» անել: Քիչ է մնում՝ մարմնավաճառներն էլ հաճախորդների հետ հանդիպելիս սեքսի ժամանակ քաղաքականությունից խոսեն կամ քաղաքականացված տնքան, չնայած միգուցե այդպես էլ կա՞. հաճախորդները կիմանան:
Հիմա կասեք՝ ի՞նչ կա դրա մեջ, խոսում են, թող խոսեն: Ախր մի թեմայից խոսելու համար գոնե դրանից ինչ-որ բան հասկանալ է պետք, պետք է պատկերացնել, թե ինչ է ընդհանրապես քաղաքականությունը, որպեսզի հայտնած կարծիքներն ու որակումները գոնե իրականության հետ հեռավոր աղերսներ ունենան: Թե չէ հիմնականում լսում ես մարդկանց կարծիքները կամ թեկուզ Facebook-ում կարդում շատերի գրառումները, տպավորություն է ստեղծվում՝ կարծես պատմաբանը փորձում է լուրջ վերլուծություն անել քվանտային տեսության մասին, և ամենակարևորը, վստահ է, որ իր մոտ դա ստացվում է:
Բերեմ պարզ օրինակ. քաղաքական դաշտում հաճախ են վերադասավորումներ լինում, մեկը իշխանությունից գնում է ընդդիմություն, մյուսը կոալիցիա է մտնում, մեկն էլ նախարարական պորտֆելներ է ստանում: Բա քաղաքական միավորներ են, իրենք կան, գործում են, որ նաև պորտֆելներ ստանան, որ իրենց ծրագրերն այդպիսով էլ ավելի առաջ կարողանան տանել: Իսկ մեր սուպերպրոֆեսիանալ «քաղաքագետները», առանց խորամուխ լինելու իրադարձությունների ու հանգամանքների մեջ, միանգամից օգտագործում են իրենց իմացած մի քանի «դեժուռնի» արտահայտությունները՝ սա դավաճան է, նա ծախված է և այլն: Ու դա հաճախ ասում են քաղաքական այնպիսի ուժերի ներկայացուցիչներ կամ համակիրներ, որոնց անցյալը եթե մի փոքր մոնիտորինգ անես, կտեսնես, որ երբեմն ավելի հաճախ են մի ճամբարից մյուսը վազել, քան տարվա եղանակներն են փոխվում: Ու ընդհանրապես՝ ո՞վ կարող է ձեռքը դնել սրտին և դեմքին տալով անմեղ երեխայի արտահայտություն՝ ասել, թե եթե իրեն պորտֆել առաջարկեն, ինքը կհրաժարվի: Նման բան ասողներ, իհարկե, կան, բայց ես նրանց չեմ հավատում:
Ասածս ի՞նչ է՝ ժողովուրդ ջան, մի քիչ էլ եղանակից խոսեք, սպորտից, ուրիշ մոլորակներից կամ թեկուզ քվանտային տեսությունից, միգուցե այդ դեպքում իրականությանն ավելի մոտ մտքեր հնչեն, քան քաղաքականությունից խոսելու դեպքում:
Անդրանիկ Բարսեղյան
Orer.am, վերլուծաբան