«Դիվան քշողի» մտածելակերպ
АналитикаԱրդեն 2 օր է՝ մի շարք լրատվական կայքերով շրջանառվում է հոդված Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նոր դատավորի նշանակման մասին, որում պարզապես ներկայացվում է նորանշանակ դատավորի կենսագրությունը:
Սովորական մարդու կենսագրություն է, բայց, չգիտես ինչու, բոլորը ֆիքսվել են այդ կենսագրության միայն մի դրվագի վրա և հենց դա էլ դարձրել նյութի վերնագիր՝ «Պահակ աշխատած իրավագետը նշանակվել է դատավոր»: Ու դրան ավելանում են սոցցանցերի մի շարք օգտատերերի բացասական ու ծաղրական մեկնաբանությունները, կարծես թե ինչ-որ տարօինակ կամ վատ բան կա այդտեղ կամ էլ համաշխարհային ողբերգություն է:
Ես անձամբ նույնիսկ չեմ էլ ճանաչում նորանշանակ դատավոր Դավիթ Սարգսյանին, բայց նրա կենսագրության մեջ հստակ գրված է, որ ունի համապատասխան բարձրագույն կրթություն և իրավագետի որակավորում և, իրավագետ լինելով հանդերձ, 1998-2000-ին էլ պահակ է աշխատել:
Ի՞նչ կա այդտեղ տարօրինակ. ի՞նչ է, ոչ ոք երբևէ չի՞ տեսել բարձրագույն կրթությամբ կամ թեկուզ գիտական աստիճան ունեցող տաքսու վարորդի կամ խանութի վաճառողի: Մարդիկ այդ պահին չեն կարողանում մասնագիտությամբ աշխատանք գտնել և որևէ այլ գործով են զբաղվում: Իսկ ցանկացած աշխատանք էլ պատվաբեր է՝ ի տարբերություն տանը «դիվան քշելուց»:
Այսինքն, մեր հանճարեղ քննադատները երևի կգերադասեն պետական պաշտոններին տեսնել «դիվան քշողների՞»: Կներեք, բայց նման մտածելակերպը իսկապես հենց «դիվան քշողի» մտածելակերպ է:
Միգուցե հիմա ոմանք կասեն, թե թեման կարևոր չէր, բայց նման բաներն իրականում մեր հասարակության մի հատվածի ողջամտության աստիճանն են ցույց տալիս, իսկ ողջամտությունը շատ անհրաժեշտ բան է:
Անդրանիկ Բարսեղյան
Orer.am, վերլուծաբան