Քառօրյայի քրոնիկներից
АналитикаԸնթացիկ տարում Ազգային ժողովի անդրանիկ քառօրյայով վերջապես լիարժեք կերպով քաղաքական կյանքն արթնացավ: Սակայն ինչպես պարզվեց նույն այդ քառօրյայի ընթացքում, Ազգային ժողովը քաղաքական չէ կամ նույնիսկ եթե այդպիսին էլ է, ապա, ըստ Գալուստ Սահակյանի, չպետք է քաղաքականացնել: Ի դեպ, պարզվում է, որ Գալուստ Սահակյանն ինչ-որ տեղ իրականությունն էր նկարագրում, քանի որ ԱԺ անդրանիկ քառօրյայից առավել հիշատակելի ու տպարվորիչ էին երևույթներ և հայտարարություններ, որոնք հեռավոր կապ անգամ չունեն քաղաքականության հետ: Ինչպես նշել ենք նախորդ դիտարկումներից մեկում, փորձելու ենք մոռացության տալ բոլոր շմայսներին, ուստի չենք անդրադառնում քառօրյայի ընթացքում տեղի ունեցած «քաղաքական մտքի գոհարների» հեղինակներին:
Սակայն կան բաներ, որոնց հնարավոր չէ չանդրադառնալ: Մասնավորապես, ԱԺ ամբիոնն արդեն այնքան է արժեզրկվել, որ այնտեղից ինչ-որ անհասկանալի, անբովանդակ ու գավառամիտ ելույթներ ու կոչեր են հնչում` մեկ ուղղված Իլհամ Ալիևի դարձի գալուն, մեկ Եվրոպայում իսլամաֆոբիայի ու նմանատիպ անհասկանալի էլի ինչ-որ վեց-յոթ բանի մասին: Ի դեպ, զավեշտի հասնող այսօրինակ ելույթների հեղինակները թերևս չեն էլ հասկանում, որ արջի ծառայություն են մատուցում հենց վարչակարգին ու Հանրապետական կուսակցությանը: Սակայն սա, կարելի է ասել, որ չարյաց փոքրագույնն է:
Առավել տհաճ ու վանող էին արդարադատության ներկա ու նախկին նախարարների վարքագծերը: Թե ով է մշտապես եղել Դավիթ Հարությունյանը և´ քոչարյանական, և´ ներկայիս վարչակարգերի համար, եթե ոչ շատերը, ապա գոնե որոշակի շրջանակներ գիտեն: Ի դեպ, հենց Դավիթ Հարությունյանի ինտելեկտն էլ բազմիցս օրինականացրել ու ստեղծել է ընտրակեղծիքներ, հանցագործություններ, տարատեսակ ինտրիգներ և դավադրություններ, սակայն դրանք անդրադառնալու բավական լայն թեմա են, որոնց կանդրադառնանք առաջիկայում: Խնդիրը տվյալ դեպքում Դավիթ Հարությունյանի և ոչ միայն նրա վարքագծին է վերաբերում, որը բավական նվաստացուցիչ է Ազգային ժողովի համար: Տպավորություն է, որ ԱԺ-ում հարցերի պատասխանող նախարարներին պետք է անընդհատ սթափության կոչ անել և հիշեցնել, որ իրենք ընդամենը չինովնիկներ են, իսկ Ազգային ժողովն այն ինստիտուտն է, որի առաջ իրենք հաշվետու են, ոչ թե պատգամավորներին դաս կամ խրատներ տվողներ:
Ի դեպ, որքան էլ տարօրինակ էր, արդարադատության ներկա նախարարուհին էլ շատ կարճ ժամանակում կարողացավ ընդօրինակել իր նախորդի ոճը և որոշեց ԱԺ ամբիոնից խրատական-վարժապետական մեծամիտ տոնայնությամբ դասեր տալ ու սովորեցնել ԱԺ պատգամավորին:
Ինչ խոսք, հենց Հանրապետական կուսակցության ցուցակով ու ջանքերով են Ազգային ժողովում հայտնվել անհատներ, որոնց ներկայությունը միայն հեղինակազրկում է այն, սակայն սա ընդամենը նշանակում է, որ հանրապետական մեծ ու փոքր չինովնիկները կարող են ընդամենը նշված խմբի պատգամավորներին բարոյախրատական դասեր տալ: Չնայած այս դեպքում մեր չինովնիկները պետք է ֆիզիկապես զգուշանան, քանի որ իրենց գործընկերների մեջ կան բռնաբարներ, աչքեր հանողներ, «չանը պոկողներ» և այլն:
Աղասի Մարգարյան
Orer.am, վերլուծաբան