Անհանգիստ կառավարությունն ու ամենակարող Շաբոյանը
АналитикаՊարզվում է՝ բենզինի գնի չիջնելը անհանգստացնում է նաև կառավարությանը: Պատկերացնո՞ւմ եք: Ես էլ չէի հավատում, բայց փոխվարչապետն է ասել՝ Վաչե Գաբրիելյանը: Դե, եթե Վաչե Գաբրիելյանն է ասել, ուրեմն մի բան գիտի երևի, փոխվարչապետ մարդ է վերջիվերջո: Պարզվում է նաև, որ կառավարությունը ոչ միայն անհանգստացած է բենզինի գնով, այլ նույնիսկ այդ հարցով դիմել է ՏՄՊՊՀ-ին և հիմա արդեն պատասխանի է սպասում: Բա տեսնո՞ւմ եք՝ ինչ մտահոգ կառավարություն ունենք, սրտացավ, անհանգիստ, մտածում են, թե ոնց անեն, որ մեր երկիրն էլ աշխարհին ու ժամանակին համընթաց շարժվի, որովհետև նավթի գնի փոփոխության հետ կապված ամեն տեղ բենզինի գինը իջել է, միայն Հայստանում չի իջել: Չի իջել, որովհետև մենք ունենք մի շատ հզոր ու ամենակարող կառույց՝ ՏՄՊՊՀ-ն, որի նախագահ Արտակ Շաբոյանն ամեն ինչ որոշողն է թե՛ կառավարության, թե՛ բոլորիս փոխարեն: Շաբոյանը որոշել է, որ Հայաստանում վաճառվող բենզինում նավթի բաժինը միայն 7-8 տոկոս է կազմում և այդ պատճառով մեզ մոտ բենզինը չի էժանանա: Դե ինչ-որ ձևով պե՞տք է տարբերվենք աշխարհից, թե՞ ոչ, չէ՞ որ մենք ունիկալ ժողովուրդ ենք …
Թե ինչպես է ստացվել, որ միայն Հայաստանում է բենզինում նավթի բաժինը 7-8 տոկոս, իսկ մյուս երկրներում 7-8 տոկոս չէ և թե մյուս 92-93 տոկոսն ի՞նչ է բենզինում, Շաբոյանը այդպես էլ մեզ չի բացատրել, հավանաբար, գտել է, որ մեր խելքի բանը չէ, մենք՝ միջին ունակությունների տեր մարդիկ, ինչու իզուր մեզ ծանրաբեռնենք:
Դե, չի ասել, ուրեմն այդպես է հարմար գտել, բայց հիմա մեր մտահոգ ու սրտացավ կառավարությունն է դիմել այդ հարցով, տեսնես կառավարությանն ի՞նչ կասի, թե՞ կհամարի, որ նրանց խելքի բանն էլ չէ: Վերջիվերջո, ամենակարող Շաբոյանն է:
Բայց, ախր կառավարությունն էլ անհանգստացած է …
Անդրանիկ Բարսեղյան
Orer.am, վերլուծաբան