Գավառական բարքեր
АналитикаԳավառականության մասին խոսում են մարդիկ, ովքեր դրա կրողներն են, իսկ եթե անգամ գավառականության կրողը չեն, ապա անպայման քաղքենիներ են:
Երևանը բոլորիս աչքի լույսն է: Դժվար է համաձայնել կամ չհամաձայնելը, քանի որ անհասկանալի է, թե ինչու է հենց Երևանը աչքի լույս: Գուցե մայրաքաղա՞ք է, դրա համար, թե՞ որ 2 հազար եսիմ քանի հարյուր տարեկան է: Իսկ մեզ թվում էր, թե բոլորիս՝ պետության, իշխանության, ընդդիմության, ակտիվիստների ու անտարբերների աչքի լույսը քաղաքացին է, երևանցին չէ, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, նրա շահը, կյանքը, սոցիալական վիճակը:
Այս ամենը, սակայն, պարզվում է գավառական խոսակցության թեմա է: Առավել կարևոր է հիշեցնել, Երևանը մեր աչքի լույսն է: Պատգամավորները մեր հպարտությունն են, քանի որ կարող են Երևանից ծաղրել կամ կոչեր հղել հակառակորդ երկրի նախագահին, եկեղեցին ու հոգևորականները մեր սրբություններն են , քանի որ ով առաքելական չէ, հայ չէ և ջհանդամը, թե կրոնավորներդ անբարո են, ցոփ ու շվայտ, ինչպե՞ս կարելի է այդպես խոսել հոգևորականների մասին, դա գավառականություն է:
Իսկ որ աչքի լույս Երևանից միայն արձագանքներ են մնում, դա արդեն հոգ չէ, քանի որ մենք ապրում ենք ոչ թե իրական նյութական Երևանում ու Հայաստանում, այլ ճառերի ու ամպագոռգոռ խոսքերի մեջտեղում ծվարած քաղաքում ու երկրում: Երևանը, Հայաստանը վերացական տարածքներ են, որոնք գոյություն ունեն որպես քաղաքամայր, ծննդավայր, հայրենիք, հայրենի տուն և այլն, նրանք գոյություն ունեն գավառամիտ ու քաղքենի ռամիկ-պարոնների ճառերում միայն և չկան, բացակայում են որպես պետություն և պետականություն:
Գավառականությունն հենց այստեղ է, պարոնա´յք, ինքներդ եք այն կերտել: Դուք բոլորիս եք դարձրել գավառամիտ այն պահից սկսած, երբ երկիրն ու պետականությունը նվաստացրեցիք, իջեցրեցիք ռոմանտիկ ու հեքիաթային հայրենիքի ու օջախի մակարդակի, երբ քաղաքը վերածեցիք աչքի լույսի, իսկ հայրենասիրությունը սեփական փոքրության արդարացման ու հիմնավորման: Եվ այսքանից հետո դեռ գավառականության մասին եք խոսում:
Ձեզ մի Կրոմվել է հարկավոր, պարոնա´յք, որ գա ու ասի կամ չասի, այլ ատամների արանքից զզվանքով նետի. «Հեռացե´ք, հանուն Աստծո, հեռացե´ք»:
Աղասի Մարգարյան
Orer.am, վերլուծաբան