Իշխանություն և փող
АналитикаՎերջին օրերին ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների և ՄԻՊ պաշտոնի շուրջ շարունակվող թնջուկին զուգահեռ տարբեր լրատվական աղբյուրներից, որոնց թվում են նաև ուղղակիորեն իշխանական օղակներից սնվողները, լուրեր են սպրդում Աբրահամյան-Սարգսյան հակասությունների կամ հակամարտության մասին։ Նմանօրինակ «սենսացիաները» առաջին հայացքից իշխանության վերին օղակներում կատարվող կուլիսային ինտրիգների ու քաղաքական դասավորումների տպավորություն են ստեղծում 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, մյուս կողմից էլ հիշեցնում են հերթական իշխանական խաղը: Սակայն, այս ամենից զատ, տեսականորեն չի բացառվում Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան հակասությունը, որը, սակայն, եթե գոյություն էլ ունի, ապա չափազանց հեռու է քաղաքական գործընթացներից և քաղաքականությունից:
Ըստ էության, վերջին 20 տարում հայաստանյան քաղաքական գործընթացներում, առավել ևս իշխանական վերին օղակներում տեղի ունեցող վերադասավորումներում որոշիչ գործոնը մշտապես եղել է փողն ու կապիտալը: Գաղտնիք չէ, որ Հայաստանում քաղաքականությունը առավել քան սերտաճած է օլիգարխիկ տնտեսական համակարգին: Ընդ որում՝ վերջինիս գոյության հիմնական երաշխիքը երկրի քաղաքական կյանքում ներգրավված լինելն է, որը յուրօրինակ ապահովագրություն է: Հենց այս պատճառով էլ, ի դեպ, ժամանակին առաջացավ Սերժ Սարգսյան-Քոչարյան լարվածությունը, որն առավել կամ պակաս շարունակվում է մինչ օրս, նույն պատճառով էլ որոշալի հակասություններ կան վարչապետի ու Սերժ Սարգսյանի միջև: Պատճառը շատ հասարակ է. ցանկացած օլիգարխ, որը տիրապետում է զգալի ռեսուրսների, տնտեսական լծակների ու մենաշնորհների, առկա վարչակարգի բովանդակությունից ելնելով, կարող է ժամերի ընթացքում կորցնել այդ ամենը, եթե որոշակի դերակատարություն չունի քաղաքական գործընթացներում: Ընդ որում, որպես կանոն, օլիգարխի քաղաքական ազդեցությունը պետք է համեմատելի լինի իր կարողության հետ:
Հենց սա է խնդիրը, որ Քոչարյանը մինչ օրս չի կարողանում համակերպվել առկա իրականության հետ, քանի որ իր նախագահության տարիներին միլիարդների հասնող կարողություն դիզելով, տարբեր դրածոների միջոցով հայաստանյան տնտեսության բազմաթիվ օղակներ յուրացնելով, ներկայում նա մեծ հաշվով որևէ ազդեցություն չունի երկրի քաղաքական գործընթացների վրա: Այդ ազդեցության լուրջ երաշխավորներից մեկը ԲՀԿ-ն էր, որը ծվատվելուց հետո վերածվել է կուսակցության ուրվականի, մյուսը՝ Հովիկ Աբրահամյանը, որը մշտապես էլ եղել է «Քոչարյանի մարդը»: Սակայն վերջին զարգացումներից պարզ է դառնում, որ Հովիկ Աբրահամյանին սպառնում է մեկուսացում իշխանական լծակներից, ինչը սպառնում է առնվազն վարչապետի ոչ պակաս կարողությանն ու փողին, քանի որ հայաստանյան պայմաններում օլիգարխի կարողության երաշխիքը քաղաքական դերն է:
Ընդհանուր առմամբ՝ հենց սա է ներկայում իշխանական վերին օղակներում վերադասավորումների հիմնական պատճառը, որը համառոտ կարելի է ասել՝ պայքար է փողի համար: Սրա շուրջ տեղի ունեցող զարգացումներն ընդամենը կողմնակի հետևանքներ են:
Աղասի Մարգարյան
Orer.am, վերլուծաբան