Վանաձորի փողոցների մարդաբոյ փոսերը և ներկայիս քաղաքապետի սին խոստումները հոգնեցրել են վանաձորցիներին
ОбществоՎանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ով 1999 թ-ին ընտրվել է Վանաձորի քաղաքապետ և դրանից հետո էլ 4 անգամ վերընտրվել նույն պաշտոնում, իր պաշտոնավարման ընթացքում պարգևատրվել է ՀՀ Նախագահի մրցանակով, Անանիա Շիրակացի մեդալով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, Ամենայն հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի մեդալով, Համայնքների միության հուշամեդալով, ՀՀ Վարչապետի կողմից անվանական զենքով և բազմաթիվ այլ պատվոգրերով և շնորհակալագրերով:
Պարգևատրումների այս շարանը խոսում է այն մասին, որ որպես իշխող կուսակցության հավատարիմ անդամ քաղաքապետը այս ընթացքում կարողացել է անվերապահորեն կյանքի կոչել վերևից եկող բոլոր պատվերները: Այն, իհարկե, խոսում է նաև մեկ այլ՝ շատ կարևոր փաստի մասին, որ Վանաձորի երկարամյա քաղաքապետը կարողանում է իր շուրջը հավաքել մարդկանց ու դերերի այնպիսի դերաբաշխում կատարել, որ հնարավոր լինի ցանկալի արդյունք ստանալ:
Բայց զարմանալիորեն անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի արդյուքները ցույց տվեցին, որ վանաձորցին այլևս դադարել է կատարել իր քաղաքապետի ցանկությունը: Եվ դա բնական է, քանի որ աղետալի երկրաշարժից հետո արդեն 28 տարի Վանաձորի բնակիչները չեն կարողանում իրենց հարազատ քաղաքում մարդավայել ապրել, հոգնել են17 տարվա քաղաքապետի սին խոստումներից, թե՝ մի քիչ էլ համբերեք տուն էլ կստանաք, կյանքն էլ ավելի կբարելավվի: Տնակային ավաններից մարդկանց այստեղ այնտեղ տեղավորելուց հետո քաղաքապետը վստահեցրել է, որ մի քանի տարուց նրանց նորմալ բնակարան կհատկացվի, բայց այդ մի քանի տարին դարձել է արդեն 10 տարուց ավելի:
Orer.am-ի հետ զրույցում վանաձորցիները վստահեցրեցին, որ քաղաքում ընդամենը մի քանի ընտանիք է կարողանում նորմալ ապրել: Նրանք էլ քաղաքապետի մերձավորներն են: Մնացածը մի կերպ գոյատևում են՝ ո՛չ նորմալ աշխատանք ունեն, ո՛չ էլ նորմալ կյանք: Ի դեպ ՝մամուլն էլ է բազմիցս անդարդարձել Վանաձոր քաղաքի ճանապարհների անմխիթար վիճակին, մարդաբոյ փոսերին ու մութ փողոցներին, բայց այդ անդրարդարձներն էլ, բողոքներն էլ, մի կողմից հնչել են, մյուս կողմից՝ մոռացվել:
Այն, որ Վանաձորում բազում խնդիրներ կան, անզեն աչքով է տեսանելի, բայց դա ամենևին էլ չի խանգարում, որ Ամանորից առաջ քաղաքապետն ամեն տարի պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ բաշխի Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցներին:
Նկատենք, որ անցյալ տարի Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների առթիվ այն պարգևատրումների տեսքով կազմել է 9 մլն 862 հազար դրամ, իսկ 839հզր 600 դրամի չափով էլ կանանց տոնի՝ Մարտի 8-ի՝ և Մայրության ու գեղեցկության տոնի՝ ապրիլի 7-ի առթիվ խրախուսվել են քաղաքապետարանի կանայք:
Ի դեպ, Սամվել Դարբինյանը դեռ չի կողմնորոշվել, թե սեպտեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրություններին ինքը կառաջադրի՞ իր թեկնածությունը, թե՝՞ ոչ, բայց խոստացել է, որ եթե ինքը չառաջադրվի էլ ՀՀԿ-ական թեկնածուին անպայման սատարելու է: Ամենայն հավանականությամբ ավարտին է մոտենում նաև նրա պաշտոնավարման կամ ավելի ստույգ՝ գահակալման ժամկետը, քանի որ ինչպես հայտնի է անցյալ տարվա դեկտեմբերին պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար՝ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի հատկանիշներով Վանաձորի քաղաքապետի դեմ դատախազությունում քրեական գործ էր հարուցվել ու հավանաբար այդ գործը կդառնա այն գործոնը, որը շրջացել այլևս հնարավոր չի լինի:
Ա. Գրիգորյան