Հրազդանցիների մի մասը սեփական քաղաքում իրեն «օտար» է զգում
Интервью2002 թվականից մինչ օրս Հրազդանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Արամ Դանիելյանը 1992-ին ընտրվել է Հրազդանի քաղաքային խորհրդի պատգամավոր, 1993-ին ընտրությամբ աշխատանքի է անցել քաղխորհրդի գործկոմում` որպես սոցիալական ապահովության բաժնի պետ, 1995թ. ընտրվել է Հրազդանի շրջանային և քաղաքային միացյալ սոցիալական ապահովության Հրազդանի տարածքային կենտրոնի տնօրեն, իսկ 1997-ին նշանակվել է ՀՀ կենսաթոշակային հիմնադրամի Հրազդանի տարածքային կենտրոնի տնօրեն:
Ամփոփելով կարող ենք ասել, որ Արամ Դանիելյանը խորհրդային կարգերի փլուզումից հետո մշտապես եղել է Հրազդան քաղաքի «ղեկավարման վահանակի» կողքին և, ամենայն հավանականությամբ, պետք է, որ ոչ միայն դեմքով ճանաչի հրազդանցիներին, այլև լավ իմանա յուրաքանչյուր հրազդանցու հոգսն ու ցավը:
Ա. Դանիելյանն իր վերջին ասուլիսի ժամանակ նշել էր, որ այս տարիներին Հրազդան քաղաքում բավականին խնդիրներ են լուծվել՝ վերանորոգվել են բազմաբնակարան շենքերի տանիքները, մնացածն էլ նորոգման հերթի մեջ են: Չնայած քաղաքապետը նման հարցերի լուծումը նշում է որպես ձեռքբերում, բայց հիշեցնենք, որ դա ոչ թե լավություն է հրազդանցիներին, այլ սովորական պարտականություն:
Քաղաքապետի խոսքով՝ Հրազդանն այսօր նաև 18-24 ժամյա ջրամատակարարում ունի, ամբողջությամբ գազաֆիկացված է և 480 կմ ջրագծերի վերանորոգման հարցն էլ լուծված է: Առաջիկայում էլ նախատեսվում է փոխել քաղաքի ջրահեռացման քայքայված խողովակաշարը: Բացի այդ, Հրազդանը, ի տարբերություն մարզային այլ քաղաքների, ունի նաև առողջապահական ժամանակակից կենտրոն: Այս ընթացքում ապահովվել է 12 մանկապարտեզի, 2 երաժշտական դպրոցի, 3 սպորտի ու 2 արվեստի դպրոցի գործունեությունը: Քաղաքապետ դառնալուց հետո Դանիելյանի ջանքերով Հրազդանի թատրոնը քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում ու ենթակայության տակ է գտնվում:
Քաղաքապետի գործունեությունից, սակայն, հրազդանցիներն այնքան էլ գոհ չեն: Orer.am-ի հետ զրույցում նրանք նշում էին, որ քաղաքի լուսավորության հարցն այդպես էլ չի լուծվել, փողոցներն անբարեկարգ են, իսկ քաղաքի բնակիչներն էլ բաժանված են յուրայինների և «օտարների»:
«Այդպես էր նաև Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանի օրոք: Այն ժամանակ էլ կային «մերոնքականներ» ու «օտարներ», բայց չպետք է այդպես լինի, բոլորս էլ նույն քաղաքի բնակիչներ ենք: Բոլորս էլ նույն հոգսն ունենք, բայց ընդունելի չի, որ նույնիսկ աղջիկ ուզելուց էլ են քաղաքական հայացքներին նայում: Դա ճիշտ չէ: Շատերը ոնց որ մեր քաղաքի խորթ զավակները լինեն, ո´չ կարողանում են աշխատանք գտնել, ո´չ էլ նորմալ ապրել»,- մեզ հետ զրույցում ասում էին հրազդանցիները:
Հրազդանի Միկրո կոչվող թաղամասի բնակիչներից ոմանք էլ դժգոհում էին, որ արդեն տարիներ շարունակ ապրում են սոցիալապես անապահովի «ստատուսով», բայց իշխանական «վերմակից» օգտվել այդպես էլ չեն կարողանում:
«Հենց հերթը հասնում ա մեզ, ասում են՝ փող չկա, որ ձեր շենքերի տանիքները վերանորոգենք, ճանապարհները սարքենք: Ասում ենք՝ գործ տվեք, աշխատենք, բայց մեզ համար գործ էլ չկա, ինչ էլ որ կա, իրանց ու իրանց մերձավորների համար ա: Եթե նույնիսկ բակերով շրջեք, դուք էլ կհասկանաք, թե որ շենքում ինչ քաղաքական հայացքների տեր մարդիկ են ապրում»,- դժգոհում էր տարեց թոշակառուներից մեկը:
Անհավասար պայմաններում ապրելը ոչ միայն հիասթափեցրել է հրազդանցիներին, այլև հոգնեցրել: Նրանք երազում են, որ մի օր իրենց բակ էլ «գարուն» գա, բայց նաև նշում են, որ ով բողոքում է իշխանություններից, նրա կյանքն այդտեղ դժվարանում է, դրա համար էլ հիմնականում կա'մ լռում են, կա'մ էլ հեռանում քաղաքից:
Ի դեպ, ապրիլի 17-ին կրկին Հրազդան քաղաքում քաղաքապետի ընտրություններ են լինելու: Այս անգամ էլ այդ պաշտոնի համար, գործող քաղաքապետից բացի, կպայքարի նաև Սասուն Միքայելյանը: Չի բացառվում նաև, որ պայքարին միանա նաև «Ազգային վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Արթուր Միսակյանը: Նա իր հարցազրույցներում արդեն նշել է, որ անձնապես ցանկություն ունի առաջադրվելու, սակայն վերջնական որոշման մասին կտեղեկացնի հարցը կուսակցությունում քննարկելուց հետո միայն:
Երրորդ թեկնածուի առաջադրվելու դեպքում, անշուշտ, հրազդանցիները կստանան այլընտրանքի հնարավորություն, սակայն պարզ է, որ հիմնական ֆավորիտները կրկին լինելու են գործող քաղաքապետը և Սասուն Միքայելյանը: Իսկ, թե հրազդանցին ում ավելի կվստահի, ցույց կտա ժամանակը, բայց այս պահին արձանագրենք, որ քաղաքի բնակիչների հիմնական բողոքը գործող քաղաքապետից հրազդանցիների մի մասի հանդեպ ցուցաբերած ընդգծված անտարբերությունն է, բայց, հիշելով անցյալը, նշում են, որ իրենց քաղաքում միշտ էլ հասարակությունը երկու մասի է բաժանված եղել, ուստի իրենց ցանկությունն է, որ նման վերաբերմունքը վերջնականապես արմատախիլ արվի և քաղաքը նախկինի նման հավասարապես ծաղկի ու զարգանա:
Արմինե Գիրգորյան