Սովորական կիբերհանցագործություն, որով պետք է իրավապահ մարմինները հետաքրքրվեն
ОбществоՀետաքրքիր է, թե ում հիվանդ երևակայության արդյունքում կարող էր միտք ծագել, որ հասարակությանը հայտնի մարդկանցից մեկի նկարը վերցնելուց և ֆոտոշոփով մեկ այլ նկար ստանալուց հետո կարելի է մեկ բաժակ ջրում փոթորիկ սարքել՝ առանց հաշվի առնելու, թե դրանով որքանով են արատավորում մարդու պատիվն ու արժանապատվությունը:
Օրերս համացանցում լայն քննարկման առարկա է դարձել շատերի կողմից սիրված դերասան Գարիկ Պապոյանի վերափոխված նկարն ու դրա շուրջ ծավալվող այն մեկնաբանությունները, թե իբր նա սեռական այլ կողմնորոշում ունի: Իրականության հետ որևէ աղերս չունեցող այս «միտքը» ձևակերպողները և դրանք տարածողները, պարզվում է, որ սովորական համացանցային ֆեյքեր են, բայց ո՞վ է թույլ տվել, որ ցանկացած ոք, ով այդ օրը «թարս» ոտքի վրա է արթնացել, կարող է օգտվել համացանցի անսահման հնարավորությունից և մտքին եկածը տիրաժավորի, այս կամ այն անձի անունն արատավորի ու դրանից հաճույք ստանա:
Ամենազավեշտալին այն է՝ հաճախ պարզվում է, որ նման լուրեր տարածողները կա´մ անմեղսունակ են, կա´մ դրամական շահից դրդված են նման քայլի դիմում: Ինչպե՞ս կարելի է մի երկու միամիտից «լայք» պոկելու համար սուտ ու հիմար մտքեր տարածել ու այս կամ այն կայքի դիտումները «բարձրացնել» և համարել, որ առաջադրանքն արված է: Իսկ հետևանքնե՞րը: Նման տեղեկություններ տարածելուց հետո ո՞վ պետք է կրի մարդուն արատավորելու, նրա և նրա ընտանիքի անդորրը խաթարելու պատասխանատվությունը:
Այս ամենից մարդու մոտ ոչ միայն զզվանքի զգացում է առաջանում, այլև նմաններին հասարակությունից մեկուսացնելու ցանկություն:

Ինչ վերաբերում է Գարիկ Պապոյանի անձի շուրջ ծավալված թյուրիմացությանը, ապա միամիտներին տեղեկացնենք, որ համացանցում լայն քննարկման արժանացած լուսանկարը ֆոտոշոփով է սարքված և չենք բացառում, որ այն նաև հատուկ նպատակ է հետապնդել: Սիրված դերասանին ճանաչողները հաստատ մեծ ցանկություն կունենան անձամբ տեսնել ու թքել նման անառակաբարո վարքագիծ դրևորած մարդկանց երեսին, սակայն դժվար է մի քանի բառով նկարագրել Orer.am-ին ահազանգած այն բազմահազար քաղաքացիների զայրույթը, որոնք ցանկություն էին հայտնում անձամբ սեփական հետաքննությունն սկսել ու պարզել, թե ովքեր և ինչու են նման լուրեր տարածել իրենց կողմից այդքան սիրված դերասանի մասին:
Ի դեպ, հայտնի է, որ համացանցում, ինչպես առօրյա կյանքում, կան նաև հոգեպես անկայուն և հիվանդ մարդիկ, ովքեր, հաշվի չառնելով մարդկանց տեղը և հասարակությունում նրանց դիրքը, անտեսելով նրանց ընտանիքներն ու այն ապրումները, որոնք ցանկացած սուտ տարածելով կարող են ոչ միայն վարկաբեկել այս կամ այն մարդուն, այլև վտանգել մարդկանց հետագա կյանքն ու գործունեությունը:
Այս ամենի մասին, ամենայն հավանականությամբ, պետք է, որ տեղյակ լիներ նաև ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժինը, սակայն հայտնի չէ, թե նրանք ինչու են լռում: Եթե խոսքը սովորական մարդու մասին լիներ, ապա պարզ է, որ քաղաքացին պետք է ինքն ահազանգեր այդ մասին, բայց հասարակությանը հայտնի մարդկանց հասցեին հերյուրանքներ տարածողներին հայտնաբերելը, կարծում ենք, որ այս վարչության պատվի և արժանապատվության հարցը պետք է լինի:
Orer.am-ը հետամուտ կլինի՝ տեսնելու, թե որքանով են մեր իրավապահները շահագրգիռ նման մարդկանց բացահայտելու և նրանց մասին հասարակությանը տեղեկացնելու հարցում:
Արմինե Գրիգորյան