Պաշտպանության նախարարի նախկին տեղակալը հրաժարվում է դեղեր ընդունել
ИнтервьюԱրթուր Վարդանյանի կողմից ստեղծված զինված խմբի հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ մեղադրվող ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը, ով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել էր 2015թ. դեկտեմբերի 19-ին, ձերբակալության օրվանից մինչ օրս շարունակում է հերքել իր կապն այդ խմբի հետ և հրաժարվում է որևէ ցուցմունք տալ: Վերջերս հայտնի դարձավ, որ նրա առողջական վիճակը վատացել էր, սակայն նա հրաժարվել էր դեղեր ընդունել: Վ.Շիրխանյանը հայտարարել է նաև, որ եթե իրեն իր կողմից նշած բժշկական կենտրոն չտեղափոխեն, ապա ինքը կհրաժարվի նաև հետագա բուժում ստանալուց նույնպես:
Վ. Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը վերջին անգամ իր պաշտպանյալին տեսակցել է մարտի 3-ին և այդ օրվա դրությամբ նրա առողջական վիճակը շարունակում է նույնը մնալ: «Նա հրաժարվում է դեղեր ընդունել՝ պատճառաբանելով, որ իր բուժման նպատակով նշանակված դեղամիջոցները նշանակվել են ընդամենը դուպլեքս հետազոտության արդյունքների հիման վրա՝ առանց որևէ համալիր հետազոտության: Սրտի աշխատանքի և արյան բաղադրության հետ կապված որևէ հետազոտություն չի կատարվել: Այդ պատճառով նա գտնում է, որ նշանակված դեղերը չեն կարող իր բուժումը լիարժեք ապահովել և նույնիսկ կարող են վատթարացնել իր առողջական վիճակը»,- ասաց պաշտպանը:
Ս. Ոսկանյանի տեղեկացմամբ՝ ինքը դիմել է Վ. Շիրխանյանին կրկնակի հետազոտություն անցկացնելու պահանջով, սակայն քրեակատարողական վարչությունից մերժել են դիմումը՝ պատճառաբանելով, որ հետազոտության արդյունքները և անոթային վիրաբույժի նշանակած բուժումը լիովին բավարար են բուժում իրականացնելու համար: Պաշտպանը նշեց նաև, որ արդեն դիմել են տարբեր կազմակերպությունների և հույս ունեն, որ այդ կազմակերպությունների միջնորդությամբ Շիրխանյանի հետագա բուժումը շարունակվի հիվանդանոցային պայմաններում ՝ Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնում:
Ս. Ոսկանյանը հավելեց նաև, որ Վ. Շիրխանյանը շարունակում է չընդունել իրեն մեղսագրված մեղքը և օրերս պետք է կատարվեր քննչական գործողություն՝ առերեսում, սակայն այն անձը, ում հետ պետք է առերեսվեր Վ.Շիրխանյանը, վատառողջ է եղել, որի պատճառով էլ այն դեռևս չի իրականացվել: «Դեռևս մեզ չեն տեղեկացրել, թե երբ է առերեսումն իրականացվելու, իսկ այս պահին, որպես քննչական գործողություն՝ հարցաքննություններ և այլն չեն նախատեսվում»,- ասաց պաշտպանը:
Orer.am-ի հարցին, թե ում հետ էր առերեսումն իրականացվելու, Ս.Ոսկանյանն ասաց, որ խոսքը գործով անցնող անձանցից մեկի մասին է, ով որպես մեղադրյալ է ներգրավված, սակայն նրա անունը քննության գաղտնիության ապահովման նկատառումներից ելնելով չի կարող բարձրաձայնել:
Արմինե Գրիգորյան