Ինչպես համադրել ծաղկային պրինտը (լուսանկարներ)
LifestyleԱռաջին հայացքից կարող է թվալ, թե արդեն հնարավոր չէ մտածել նոր ու չկրկնվող պատկերներ ու նախշեր, բայց ինչ-որ հրաշքով նորաձևության տներին հաջողվում է ստեղծել ծաղկային նախշերով հետաքրքիր ու ոգեշնչող զգեստներ, ժակետներ, վերարկուներ, պայուսակներ, արևային ակնոցներ և այլ իրեր: Գարուն-ամառ հավաքածուներում առկա նորաոճ զգեստները միավորում են իրենց մեջ դասական ծաղիկների նախշերը, այնպիսիք, ինչպիսիք են կարմիրը, նարնջագույնը և կանաչը: Շատ ժամանակակից ապրանքանիշեր իրենց հավաքածուներում հաջողությամբ ցուցադրել են սևի ու ճերմակի համադրությամբ զգեստների ու բլուզների տարբերակներ: Նման հանդերձները կարելի է կրել սև երկարաճիտ կոշիկների հետ: Վերնաշապիկներ, շորտեր, պարանոցի թաշկինակներ` նորաձևության տներն առաջարկում են ընտրել հանգիստ երանգներ, ինչպես օրինակ, սուրճի և երկնագույնի երանգները:
Վերնաշապիկներ և բլուզներ կապույտի երանգներով և ճերմակ խատուտիկի աբստրակտ պատկերներով` հիանալի տարբերակ է ջինսերի կամ տաբատների, վերարկուների կամ ժակետների հետ կրելու համար: Դա ոճային հանդերձ է ցանկացած առիթի համար: Բացի այդ, միշտ կարելի է ձեռք բերել թռչունների պատկերներով գունագեղ շարֆ, որը հանգիստ կարելի է կրել միատոն վերակուի կամ կոստյումի հետ: Պետք է սովորել ճիշտ համադրել կարմիր և կապույտ ծաղկային մոտիվներով հագուստները այլ հանդերձների հետ: Առավել ներդաշնակ և հանգիստ կերպար ստեղծելու համար կարելի է համադրել վառ ծաղիկները պաստելային երանգների հետ: Հիանալի զույգ են ծաղկավոր տաբատը և սպիտակ բլուզը, կամ հակառակը` գույնզգույն բլուզը և միատոն կիսաշրջազգեստը: Իսկ ավելի համարձակ կերպարի համար կարելի է ընտրել տարբեր նախշերով իրեր: Արդյունքում կստացվի վառ ու ոճային, բայց ամենակարևորը, չչարաշահել մոտիվները:
Ծաղկային նախշերով աքսեսուարները նույնպես շատ արդիական են գարուն-ամառ սեզոնին: Որոշ դիզայներներ զարդարում են ձեռքի պայուսակները կամ կանացի զարդերը կաշվե կամ մետաքսե գեղեցիկ ծաղիկներով, իսկ ոմանք էլ նկարում են հիանալի բողբոջներ, ցողուններ` հաջողությամբ կրկնօրինակելով բնանկարչությունը: Շատ ապրանքանիշեր առաջարկում են երիցուկի, վարդի և այլ ծաղիկների նախշերով աքսեսուարներ: Այս սեզոնի գերազանց ձեռքբերումներից մեկը ծաղիկներով զարդարված ձեռքի պայուսակն է: Հատկապես գեղեցիկ են նայվում ծաղկային ոչ սովորական նախշերով աքսեսուարներն ու զարդերը: Կարելի է ընտրել հետաքրքիր ապլիկացիաներ, ասեղնագործ ժապավեններ և այլն: Հնարավոր չէ չսիրել գարունը, չէ՞ որ այն հնարավորություն է տալիս վայելել ծաղիկների առատությունը: Ծաղկային պրինտը հանդերձներում աղջիկների ամենասիրելի նախշերից մեկն է: Հատկապես այն հիանալի է նայվում գարուն-ամառ սեզոնին` ստեղծելով հմայիչ, նուրբ ամառային կերպարներ: Եվ մի քանի խորհուրդ Orer.am–ից:
- Երբեք մի հագիր տաբատ կամ կիսաշրջազգեստ նույն պրինտով բլուզի հետ: Այդպես գիշերազգեստով աղջկա տպավորություն կստեղծես: Իհարկե, բացառություն է կազմում ամբողջական զգեստը, բայց այն առավել գեղեցիկ կլինի միագույն պիջակի կամ բաճկոնի համադրությամբ:
- Միշտ հիշի´ր, որքան վառ է պրինտը, այնքան պարզ պետք է լինի հագուստի ձևը:
- Լավագույն տարբերակներից մեկը ծաղկային պրինտը չեզոք գույնի հետ համադրելն է:
- Թմբլիկ աղջիկներին խորհուրդ է տրվում հագնել մանր ծաղիկներով հագուստ. խոշոր ծաղիկները գիրացնում են: Իսկ եթե ունես մոդելյաին կառուցվածք, կարող ես ընտրել ցանակացած չափսի ծաղիկ:
- Ծաղկային բլուզի կամ տաբատի հետ գեղեցիկ կնայվեն նաև նույն պրինտով աքսեսուարները` գլխարկ, ականջող, թևնոց: Սրանք կլրացնեն կերպարը և կդարձնեն ամբողջական:
Ֆոտոշարքը կօգնի Ձեզ ճիշտ համադրել ծաղկային պրինտով հագուստը:








































Պատրաստեց Լիանա Կարապետյանը