Եթե Սիրիայում ուզում են խաղաղ գոյատևել, ապա իսլամամետները պետք է մաս կազմեն ապագա կոալիցիոն կառավարությանը. Ա. Փաշայան
ИнтервьюՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 14-ի երեկոյանշատերի համար անսպասելի քայլ կատարեց` տվեց Սիրիայից զորքերը դուրս բերելու հրաման: Մեկ օր անց արդեն սկսվեց զորքերի դուրսբերումը Սիրիայից: Ռազմական ինքնաթիռների առաջին խումբն արդեն հասել է Ռուսաստան:
Մեկնաբանելով իր այս քայլը՝ ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանի զինված ուժերը ընդհանուր առմամբ կատարել են իրենց առջև դրված խնդիրները, սակայն միջազգային տարբեր քաղաքական վերլուծաբաններ տարբեր կերպ են մեկնաբանում պուտինյան այս քայլը:
Մի մասի կարծիքով՝ ՌԴ նախաագահը փորձում է իր հարաբերությունները հարթել Եվրամիության անդամ պետությունների հետ, որոշ փորձագետներ էլ կարծում են, որ Վ. Պուտինը դիվանագիտական քայլ կատարեց՝ վարպետորեն հրաժարվելով Սիրիայի ընդդիմադիր ուժերի հետ բանակցություններ վարելու «պարտականությունից»:
Իրականում ռուսական զորքերի դուրսբերումն անսպասելի՞ որոշում էր, թե՞ կանխատեսելի էր սիրիական ներկայիս ղեկավարության համար: Այս և այլ հարցերի մասին է Orer.am-ի զրույցը արաբագետ Արաքս Փաշայանի հետ:
- Տիկին Փաշայան, անսպասելի՞ էր արդյոք ՌԴ նախագահի՝ Սիրիայից զորքերը դուրս բերելու հրամանը:
- Իհարկե, ռուսական ներկայությունը Սիրիայում բավական դրական դերակատարություն ունեցավ, օգնեց կառավարական զորքին բազմաթիվ բնակավայրեր ազատագրել, մի շարք թիրախային հարվածներ իրականացրեց ջիհադական կառույցների դեմ: Ներկայումս Սիրիայի դաշնակիցների հարվածներից որոշակիորեն թուլացել են «Իսլամական պետության» դիրքերը: Ընդհանրապես, ռուսական ներկայությունը Սիրիայում որոշակիորեն կասեցրեց թուրքական առաջխաղացումը: Ի վերջո, հավասարակշռեց նաև միջազգային ներգրավվածությունը Սիրիայում, ինչը նույնպես դրական է: Հետագայում նույնպես հնարավոր է նաև այլ ձևաչափերի համագործակցություն, սակայն Սիրիայից Ռուսաստանի հիմնական զորամասերի անսպասելի դուրսբերումը կարելի է հաջողված տակտիկական քայլ համարել: Գիտեք, պատերազմի մեջ մտնելը հեշտ է, իսկ դուրս գալը՝ դժվար: Ռուսաստանի իշխանությունները, ըստ ամենայնի, գիտակցեցին հետագա բարդությունների հնարավորությունը, քանի որ, ի վերջո, կա նաև Աֆղանստանի փորձը, կար ԱՄՆ-ի իրաքյան փորձը և այլն: Բացի այդ, ցանկացած օտար երկրի ներկայություն բացասական ընկալում ունի, որը և կարող էր խանգարել խաղաղության գործընթացին: Իսկ Սիրիային հիմա խաղաղություն է պետք:
- Իսկապես, Սիրիային ամեն ինչից առավել խաղաղություն է անհրաժեշտ, բայց այնուամենայնիվ, իրականում կհաջողվի՞ Սիրիայում լիակատար խաղաղություն հաստատել, թե՞ այստեղ նույնպես կշարունակվի այսպես ասած` փխրուն խաղաղություն պահպանելու «սցենարը», որն օգնում է գերտերություններին երկրի իշխանություններին իրենց համար ավելի կառավարելի դարձնել:
- Շատ դժվար է ասել, թե երբ խաղաղությունը կհասնի Սիրիա, դեռ շատ խորքային հարցեր չեն կարգավորվել: Սիրիայում կան ռազմաքաղաքական խմբավորումներ, որոնք ցանկանում են մասնակցել բանակցություններին: Եթե Սիրիայում ուզում են խաղաղ գոյատևել, ապա իսլամամետները պետք է մաս կազմեն ապագա կոալիցիոն կառավարությանը: Դա անխուսափելի է:
- Առջևում Սիրիայում խորհրդարանական ընտրություններ են, արդյո՞ք այն նույնպես չի խաթարի երկրի ներքաղաքական կյանքում կայունության հաստատմանը:
- Նշեմ, որ դա նույնպես դրական քայլ է, բայց կրկին նշեմ, որ Սիրիային հիմա մեծ ցնցումներ պետք չեն և լավ կլիներ, որ Սիրիայի խորհրդարանում նաև այլախոհներ լինեին: Ի դեպ, մենք հայ պատգամավորության թեկնածուներ էլ ունենք այնտեղ: Նրանց նույնպես հաջողություն մաղթենք և հուսանք, որ մոտ ապագայում Սիրիայում բավականին խնդիրներ հարթվեն և երկիրը կարողանա մի փոքր շունչ քաշել:
Հավելենք, որ Բաշար ալ Ասադի հրամանով Սիրիայում խորհրդարանական ընտրությունների օր է նշանակվել ապրիլի 13-ը: Պայքարը ծավալվելու է պատգամավորական 250 տեղի համար, որոնք կընտրվեն 4 տարի ժամկետով:
Արմինե Գրիգորյան