Պառլամենտարիզմը՝ բռունցքներով
АналитикаԱզգային ժողովում տեղի ունեցած Փաշինյան-Ավագյան-Մովսիսյան հայտնի միջադեպից հետո հայաստանյան սոցցանցերը ողողեցին լալահառաչ և քաղքենի հայտարարությունները, թե «ահա այսպիսին է մեր խորհրդարանը» և այլն։
Թե, մասնավորապես, ինչպիսի կադրեր կան Հանրապետական խմբակցությունում, կարծում ենք` բոլորին է հայտնի: Հայտնի է նաև , թե ինչպիսի բառապաշարի, լեզվամտածողության և ինտելեկտի կրողներ են այդ կադրերը։
Կարծում եմ` խորհրդարանում տեղի ունեցածի շուրջ իրենց խորը վիշտն արտահայտողները նաև փայլուն կերպով հասկանում են, որ Առաքել Մովսիսյանը կամ Կարեն Ավագյանը, կամ Մհեր Սեդրակյանը և մյուս-մյուսները չեն կարող հայեցակարգային և խորը քաղաքագիտական քննադատությամբ հանդես գալ Նիկոլ Փաշինյանի, Արամ Մանուկյանի կամ ցանկացած որևէ այլ, կրթական և ինտելեկտուալ ցենզով իրենց մի քանի անգամ գերազանցող ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ։ Բնականաբար, վերջիններս իրենց նվիրվածությունը վարչակարգին կամ Սերժ Սարգսյանին պետք է արտահայտեն իրենց տեսակի սահմաններում։
Ընդ որում՝ հարկ է նաև շեշտել. ընդդիմադիր այս կամ այն պատգամավորը այդ արտահայտություններին չի կարող պատասխանել քաղաքական տեքստով և քաղաքական գնահատականով, քանի որ վերջիններս նշված դասակարգի համար անմատչելի բարձունքներ են, ուստի և նրանց պատասխանը պետք է լինի հենց նրանց լեզվով։
Սակայն այս միջադեպի մասին չէ, որ կուզենայի խոսել։ Տարիներ առաջ հայկական հեռուստաեթերի լրատվական հաղորդումներից մեկի մեկնաբանը բացահայտ սարկազմով և քմծիծաղով ներկայացնում էր այն լուրը, թե ինչպես թուրքական պառլամենտում կրթության մասին օրենքի քննարկումը վերածվել է պատգամավորների միջև ձեռնամարտի։
Առաջին հայացքից թվում է, թե դա այդպես էլ պետք է լինի, քանի որ զավեշտալի է հեռուսատադիտողի համար, երբ նա տեսնում է միմյանց հետ ձեռնամարտի բռնված քաղաքական գործիչների։
Սակայն ինձ հետաքրքրեց մեկ այլ փաստ։ Թուրքիայի պառլամենտում ձեռնամարտի է վերածվել այնպիսի կարևորագույն օրենքի քննարկում, ինչպիսին կրթության մասին օրենքն է։ Սա նշանակում է, որ ձեռնամարտի բռնված պատգամավորները խորությամբ հասկանում են նախ հարցի կարևորությունը, ապա և ցույց տալիս, որ նման կարևորության հարցի շուրջ սկզբունքայնությունը կարող է բերել անգամ ձեռնամարտի։
Ինչ խոսք, այս առումով հայաստանյան Ազգային ժողովը և այնտեղ մերթընդմերթ տեղի ունեցող միջադեպերը անգամ հեռավոր համեմատական չունեն նկարագրվածի հետ։ Սրա պատճառներից գլխավորը, բնականաբար, վերևում թվարկված հանրապետական կադրերն են, որոնք, ինչպես արդեն ասվեց, աներևակայելի հեռու են քաղաքական ցանկացած երևույթից։
Սակայն դա դեռ չի նշանակում, որ բռունցքները և պառլամենտարիզմը հակացուցված են, իսկ բռունցքների առկայությունը խորհրդարանում ազգային խայտառակություն։ Ես, ընդհակառակը, կուզենայի, որ հաճախ Ազգային ժողովում բանը հասներ լեզվակռվի և ձեռնամարտի, այն վերապահումով սակայն, որ այդ ամենը կատարվեր քաղաքական կամ հասարակական երևույթի, օրենքի կամ հարցի քննարկման շուրջ և որ այդ ձեռնամարտի մասնակիցները լինեին իրապես օրենսդիրներ և քաղաքական գործիչներ բառիս լայն իմաստով։
Սա կնշանակեր, որ Ազգային ժողովում տեղի է ունենում գործընթաց, այնպիսի գործընթաց, որի կարևորության արդյունքում կարող են և տեղի տալ քաղաքական գործիչներից որևէ մեկի նյարդերը։ Հենց այդպիսի խորհրդարանում է , որ պատգամավորները չեն քվեարկում ուրիշի փոխարեն, չեն հայհոյում լրագրողներին, իրենց տաքուկ տեղերից ժարգոնային ռեպլիկներ բաց չեն թողնում մեկ այլ պատգամավորի հասցեին։
Նման խորհրդարանի դեպքում արդեն մամուլում ու սոցցանցերում տեղ չէին ունենա քաղքենիական կամ գավառական, անվանեք ինչպես կուզեք, «վայ, մամա ջան, ինչ ամոթ է» մակարդակի արտահայտությունները, քանի որ շատ հաճախ լինում են հարցեր, օրինագծեր և որոշումներ, որոնց քննարկման ընթացքում առավել տրամաբանական բան, քան ձեռնամարտը՝ իր ուղիղ և փոխաբերական իմաստներով պարզապես չկա։ Հենց այսպիսի խորհրդարանի դեպքում արդեն բռունցքները կդառնան պառլամենտարիզմի կայացման բաղկացուցիչ գործիքներից մեկը։
Այս ամենի լինելիության համար, սակայն, կարծում եմ` պարզ է, թե որ տեսակը չպետք է տեղ ունենա Ազգային ժողովում։
Աղասի Մարգարյան
Orer.am, վերլուծաբան