Ինչո՞ւ է Պուտինը կարոտում Նապոլեոնին կամ աշխարհաքաղաքական «չստուշկաներ»
АналитикаՕրերս ռուսական հեռուստաալիքներից մեկի մեկնաբանը, ներկայացնելով Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերումը, խորին համոզվածությամբ նշեց, թե Սիրիայում իրականացված գործողություններով Ռուսաստանը ցույց տվեց Ամերիկային, որ վերջինս չի կարող հավակնել համաշխարհային միակ գերտերությունը լինելուն։ Թե ինչ կայսերական առասպելներով են կերակրվում Ռուսաստանի քաղաքացիները, անկեղծ ասած, ինձ բոլորովին էլ չի հուզում։ Սակայն, մյուս կողմից, ռուսական գրեթե բոլոր հեռուստաալիքները հեռարձակվում է են հայկական տիրույթում և, բնականաբար, կամա թե ակամա, հայ հեռուստադիտողին նույնպես հրամցվում է ռուսական քարոզչությունը։ Այս խնդրի մասին բազմիցս բարձրաձայնվել է ամենատարբեր հարթակներից, սակայն սրա մասին չէ, որ կուզենայի խոսել։
Արձանագրենք ընդամենը մի քանի փաստ։ Նախ՝ ԱՄՆ-ը ոչ թե հավակնում է լինել համաշխարհային գերտերություն, այլ հենց այդպիսին էլ կա՝ ներկա աշխարհաքաղաքական իրականությանը համապատասխան պայմաններում։ Ընդ որում՝ պետք է նշել, որ ԱՄՆ-ը նման գերտերություն է հենց այն տեսանկյունից, ինչը եղել և մնում է ռուսական կայսերապաշտական քարոչության հիմնաքարը։ Խոսքը վերաբերում է ռազմական պոտենցյալին և ներուժին։ Ռուսական քարոզչամեքենան սեփական անծայրածիրության ու ռազմական պոտենցյալի ներբողներում դեռևս մնացել է նապոլեոնյան ժամանակներում, երբ Ալեքսանդր Առաջինը հայտարարում էր, թե Ռուսաստանը, եթե հանեց սուրը, այն պատյան չի դնի և եթե պետք լինի, կնահանջի մինչև Կամչատկա։ Վերջին երկու հարյուր տարումմ կարծես թե ոչինչ չի փոխվել այս մտայնություններում, սակայն օբյեկտիվ իրականությունը բոլորովին այլ բան է հուշում։ Անկախ ներկայում հնչող ապոկալիպտիկ այն հայտարարություններին, թե հնարավոր է՝ սկսվի երրորդ համաշխարհային պատերազմը, խորապես համոզված եմ, որ նման բան մոտ ապագայում անգամ չի գծագրվում։ Սակայն, մի կողմ թողնելով նման անշնորհակալ կանխատեսումները, արձանագրենք մի քանի օբյեկտիվ փաստ։ Ներկայիս աշխարհի գերհզորների շարքում, բացի ԱՄՆ-ը, որևէ այլ պետություն՝ սկսած եվրոպական հսկաներից, վերջացրած Ֆիլիպիններով, որևէ երկիր չունի համապատասխան ներուժ առկա պայմաններում երկարատև պատերազմական գործողությունների մեջ մտնել՝ առանց դաշնակցի:
Ասվածը վերաբերում է նաև Ռուսաստանին։ Ե՛վ ամերիկացի, և՛ եվրոպացի, և՛ ռուս փորձագետների ուսումնասիրությունների համաձայն՝ միակ երկիրը, որը կարող է երկարատև պատերազմ մղել սեփական ուժերով, ԱՄՆ-ն է։ Սա փաստ է, որը գոյություն ունի, որի հետ ցանկանա, թե չցանկանա, պետք է հաշվի նստի «անծայրածիր կայսրությունը», որը հաղթել է անգամ Նապոլեոնին, իսկ թե անգամ այս փաստը կայսրապաշտները չեն ցանկանում տեսնել, դրանից իրավիճակը չի փոխվում, և Ռուսաստանը շարունակում է մնալ հսկայական ռեսուրսներ ունեցող, սակայն ողբերգական տնտեսություն ունեցող երկիր։ Իսկ ներկայում և ընդհանրապես անցյալում նույնպես, ռազմական պոտենցյալի առաջին և ամենակարևոր ցուցիչը տնտեսությունն է։ Մնացյալ քարոզչությունը չի գերազանցում «չստուշկաների» մակարդակը։
Աղասի Մարգարյան
Orer.am,վերլուծաբան