Հայանիստն ու աշխարհաքաղաքականությունը
АналитикаՕրերս հանգամանքների բերումով Արարատի մարզի Հայանիստ գյուղում էի։ Այդ օրը սովորականի նման սկսվել էր սուրճ-«ֆեյսբուքով», Սավչենկոյի ու Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին հայկական ֆեյսբուքամոլների բարձրագոչ գրառումներով, ռեժիմի քննադատությամբ և այլն։ Այս ամենից մի քանի լուսատարի հեռանալու համար անհրաժեշտ էր պարզապես հայտնվել Երևանից ընդամենը 20-25 րոպե հեռավորության վրա գտնվող մի գյուղում, որը բոլորովին այլ աշխարհ էր այնպիսի խնդիրներով, որոնք հարիր են միջնադարյան անապատային բնակավայրերին։
Գյուղապետի ու գյուղացիների հետ զրույցներից պարզվեց, որ գրեթե մայրաքաղաքի արվարձան հանդիսացող այս գյուղը չունի քաղաքի հետ կապվող որևէ տրանսպորտային միջոց։ Գյուղացիներն օգտվում են հարևան համայնքներից մեկնող փոխադրամիջոցներից, որոնց հասնելու համար կա՛մ պետք քայլեն 3-4 կիլոմետր, կա՛մ էլ խնդրեն մեքենա ունեցող ծանոթ- բարեկամներին իրենց հասցնել մայրուղի։
Տրանսպորտի և կոմունիկացիաների խնդիրը, ինչ խոսք, առկա է հայաստանյան բազմաթիվ գյուղերում, սակայն հաջորդ բացահայտումս կարող էր զավեշտալի թվալ, եթե չլիներ լացելու աստիճան ապշեցնող։ Պարզվում է, որ այս գյուղը չունի խմելու ջրի ներքին ցանց, որի արժեքը, ըստ գյուղապետի, կազմելու էր մոտ 10-15 միլիոն դրամ։ Արդյունքում՝ գյուղի բնակչությունը՝ որպես խմելու ջուր օգտագործում է խորքային հորերից հանվող ոռոգման արտեզյան ջուրը։
Հայաստանի տարբեր տարածաշրջաններում բազմաթիվ են բնակավայրերը, որտեղ որպես խմելու ջուր օգտագործվում են ստորգետնյա արտեզյան ջրերը, սակայն Արարատյան դաշտի արտեզյան ջրերը խմելու համար պիտանի չեն, քանի որ տարածքի առանձնահատկություններով պայմանավորված, Արարատյան դաշտի արտեզյան ջրերը բնական ֆիլտրացիայի չեն ենթարկվում։
Մի խոսքով՝ սա մասնագիտական եզրակացության թեմա է, իսկ փաստն այն է, որ Հայանիստում մարդիկ խմում են հենց այդ ջուրը։ Գյուղացիները նշեցին, որ ջրի պատճառով համայնքում, առավելապես երեխաների մոտ, տարածված են աղեստամոքսային հիվանդությունները։ Այս հարցում ռուսական կայսերական ու գաղութային քաղաքականությո՞ւնն է մեղավոր, թե՞ Սերժ Սարգսյանը կամ վատ ընդդիմությունը։ Կարծում եմ, որ ոչ։ Խնդիրը ստորին չինովնիկների մակարդակի է և խնդիրը չի վերաբերում միայն նշված գյուղին, քանի որ, ինչպես նշեցին բնակիչները, շրջակա գյուղերից մի քանիսում նույնպես չկա խմելու ջուր։ Այս ամենին բախվելուց հասկանում ես, որ պարզապես չենք տեսնում մեր քթի տակ եղած խնդիրները, որոնց լուծումը այնքան պարզ ու նույնիսկ էժան է, որ զարմանալ կարելի է։
Դժվար է ասել, թե երբ և ինչպես կարող են լուծվել նման խնդիրները, քանի որ բոլորս զբաղված ենք գերտերությունների քաղաքականությունը քննարկելով, իշխանափոխության ճանապարհային քարտեզներ գծելով, այս կամ այն քաղաքական գործչին «բացահայտելով», Սավչենկոյին պաշտպանելով ու Ղրիմի համար պայքարելով, իսկ հայանիստցին խմում է իր ոռոգման ջուրը, գյուղից գյուղ երթևեկում է ոտքով ու չի կարողանում անգամ հող մշակել, քանի որ ամբողջ գյուղի հողագործական աշխատանքները կատարում է գյուղի միակ տրակտորը։ Միշտ էլ հեշտ է հեռվից հայհոյել Օբամային, Պուտինին, եվրոպական «այլասերված» բարքերը։ Հեշտ է հայրենիքը սիրել Սփյուռքից կամ«ֆեյսբուքում» ամպագոռգոռ գրառումներով։
Աղասի Մարգարյան
Orer.am,վերլուծաբան