Գող ու ավազակների մասին
АналитикаՎերջին օրերին հայաստանյան լրահոսում և սոցցանցերում հայտնվեցին տեղեկություններ, թե ինչպես են որոշ խանութներում արգելել Նովրուզի կապակցությամբ Հայաստան ժամանած իրանցի զբոսաշրջիկներին մտնել խանութներ և գնումներ կատարել։ Ընդ որում՝ արգելքը հիմնավորվել էր, թե «գող պարսիկներին չեն թողնում խանութ»։
Այստեղ դժվար է ասել, թե որն է ավելի մեծ աբսուրդ՝ այն, որ զբոսաշրջիկին արգելում են խանութ մտնել, թե այդ արգելքի «հիմնավորումը»։ Առաջին հայացքից կթվա, թե գործ ունենք սովորական քաղքենիական այլատյացության հետ, սակայն խնդիրը միայն իրանցիների մեջ չէ։ Իրանցի զբոսաշրջիկին խանութ մտնել արգելողները միևնույն վերաբերմունքն ունեն և´ պարսիկների, և´ մարզերից ու գյուղերից եկած Հայաստանի քաղաքացիների, և´ եզդիների և թերևս բոլոր նրանց նկատմամբ, ովքեր դուրս են իրենց քաղքենիական կամ գավառական ընկալումներից ու չափումներից։ Սա այլատյացության խնդիր չէ, սա մարդկային բանականության բացակայության հետևանք է։
Մեզ համար, իհարկե, շատ հեշտ է խոսել հազարամյակների պատմությունից, դարավոր մշակույթից, քրիստոնեությունից, սակայն մեր փոքրոգությունն ու տեղային այլասերված շովինիզմը դրանով արմատախիլ չի լինում։ Նույն հաջողությամբ այդ խանութպանները կարող էին ասել, թե ինչպես է դարեր շարունակ Հայաստանը եղել է Պարսկաստանի ենթակայության տակ և հիմա իրենք վրեժ են լուծում հանուն հայրենիքի։ Ընդ որում՝ «հանուն հայրենիքին»-ը պետք է շեշտել, քանզի վաղուց ի վեր ասված է՝ «հայրենասիրությունը սրիկաների վերջին հանգրվանն է»։ Գողության մասին ցնդաբանությունները, ի դեպ, մի քանի շերտ ունեն, քանի որ ցույց են տալիս, թե, ամենայն հավանականությամբ, ինչով են ժամանակին զբաղվել նման խանութպանները «եվրոպաներում»։ Եթե չգիտեք, ասենք՝ Եվրոպա արտագաղթած հայերի մի ստվար հատվածն իր ապրուստը վաստակում է գողությամբ։ Ամենատարածված ու կազմակերպված գողությունների ցանցը գործում է Գերմանիայում, որտեղ որքան էլ չխոստովանենք, հայն ասոցացվում է գողի հետ։ Ավստրիայում կան խանութներ, որոնց վրա ցուցանակով արգելված է հայերի մուտքը, քանի որ վերջիններս գողանում են։ Չեխիայում գործում է հայերի հանցավոր խմբավորում, որի հիմնական զբաղմունքը հիմնականում հագուստի խանութներից կատարվող գողություններն են։
Այս գողությունների մասին խոսելիս, ի դեպ, մեր հայրենակիցները հպարտությամբ են նշում, թե ինչ հիմարներ են եվրոպացիները, որոնց այնքան հեշտ կարելի է «մատի վրա խաղացնել»։ Գողությունների հիմնավորման կարևորագույն արդարացումն այն է, թե իրենք գողանում են «օբշչագի» համար, այսինքն՝ գողոնի եկամտի ինչ-որ մաս ուղարկվում է հանցագործ աշխարհ։ Իհարկե, տհաճ է այս մասին խոսելը, խոստովանելը, մանավանդ ասվածը չի վերաբերում շատ փոքր խմբերի, որոնք խաղում են մի ամբողջ էթնիկ խմբի հեղինակության և վարկանիշի հետ, սակայն սա է իրականությունը, հենց սա է «գողության տուրիզմը», որից օգտվում են մեր որոշ հայրենակիցներ և որի համար արևելաեվրոպական որոշ երկրներում արժանանում են «ցիգան», նույնն է, թե գնչու մակդիրին, որն ասոցացվում է գողության հետ։
Այսքանից հետո պարզ է, որ իրանցի զբոսաշրջիկին գող անվանողներն անցել են գողությամբ բիզնես սկսելու բոլոր փուլերը և չի բացառվում, որ բոլոր այն խանութպանները, որոնք արգելում են իրանցիների մուտքը, իրենց խանութները բացել են գողոնի եկամուտով։
Աղասի Մարգարյան
Orer.am, վերլուծաբան