Մոռացված սեր
Аналитика90-ականներին, երբ դեռ փոքր էինք, բայց հետաքրքվում էինք քաղաքականությամբ, խանդավառությամբ էինք հետևում Արթուր Բաղդասարան-Սերգո Երիցյան տանդեմին: Դեռ փոքր էինք, շատ բան չէինք հասկանում: Երևի այն ժամանակ շատ բան չէին հասկանում նաև մեծերը, քանի որ նույն խանդավառությունը կար նաև նրանց մեջ: Հետևում էին, ընտրում, ուրախանում երիտասարդների հաջողություններով: Անցան ժամանակներ, մենք մեծացանք, իսկ մեծերը խոհեմացան, սկսեցինք շատ բան հասկանալ կամ էլ ինֆորմացիան դարձավ հասանելի:
Հետո եկավ չարագույժ 2008-ը: Մենք մեր հասկացածի մեջ համոզվեցինք: Վաճառվում է: Այսպես կասեր Մեսչյանը, և բոլորն են վաճառվում: Այն, որ Բաղդասարյանը չէր միանալու շարժմանը, պարզ էր ի սկզբանե: Շարժմանը միացողը, տեսնելով այդ անարդարությունները, իրականում ունենալով այնպիսի դեմք, ինչպիսին փորձում էր ներկայացնել յուր դեմքը, ընտրության հենց հաջորդ օրը՝ փետրվարի 20-ին, կգար Մատենադարանի բարձունք, ոչ թե օրեր անց Ազատության հրապարակ կուղարկեր մեր օրերի չկայացած Երկաթյա լեդիին՝ Հեղինեին: Ինչևէ, պարզ էր, որ այդ օրերի ընթացքում նա աճուրդի էր հանված: Ինչպես կասեր դասականը, հաճախորդը գին էր որոշում: Բայց, մեր մեջ ասած, տվյալ դեպքում հաճախորդն իշխանությունն է, քանի որ նա է վճարում, իսկ մյուս կողմը հնագույն և ազնվագույն մասնագիտության տերերն են, որոնց Հին Հռոմում պարտադրում էին մի ոտքին դեղին կոշիկ հագնել մյուս մարդկանցից տարբերելու համար: Պատկերացնո՞ւմ եք, եթե այդ կարգը գործի նաև Հայաստանում: Ինչ գեղեցիկ ու խայտաբղետ տեսարան կլինի քաղաքական դաշտում, 90 տոկոսի հագին կլինեն ներդաշնակ՝ դեղին կոշիկներ:
Ինչևէ, մարդը վաճառվեց, չենք անդրադառնա այն աբսուրդ վիճակներին, որոնք թույլ տվեցին գնորդները՝ իշխանությունները նրան գնելու համար: Ու հիմա, երբ բոլոր ռեսուրսները սպառված են, հասարակության հետ բոլոր կամուրջներն այրված, նա վերածնվում է: Այո´, հիրավի հայկական համախտանիշ: Ու վեր կհառնի նա փյունիկի նման, մոխիրների մեջից, կգա ապացուցելու դարերին և սերունդներին իր կենսունակությունը: Բայց սույն վերադարձը պարունակում է մի քանի աբսուրդ: Նախ՝ տվյալ գործիչն ունի հետերոնորմատիվության խնդիր՝ կապված արևմտյան արժեհամակարգի հետ: Այս դիտանկյունից չենք փորձի բացատրել այնպիսի բարդագույն բառ, ինչպիսին է հետերոնորմատիվությունը: Հարկ ենք համարում նշել, որ բառը կիրառել ենք՝ հաշվի առնելով քննարկվող գործչի այսպես ասած արևմտյան կողմնորոշումը կամ ինչպես իրեն կուզենար ներկայացնել: Կուսակցության անվանման կարևորագույն բաղադրիչն անգամ՝ «Վերածնունդ», դասական արևմտյան է: Իտալիայում՝ Վերածննդի հենց վերջին փուլում, Ռիսորջիմենտոյի ժամանակաշրջանում, ստեղծվեց միասնական Իտալիան և հիմք դրվեց այն հզորության, որ այժմ ունի այդ երկիրը:
Սակայն Բաղդասարյանը և Գարիբալդին ազգակիցներ չեն, նրանց կապող որևէ բան չկա, ավելին, Գարիբալդին երբեք չվաճառվեց: Այս համատեքստում անհասկանալի է սույն գործչի համանուն կազմակերպության բացումը Ռուսաստանում: Սա արդեն ոչ թե աբսուրդ է, այլ ծաղր սեփական պետականության հանդեպ: Մենք չենք անդրադառնա այն քաղաքականապես օգտագործվածներին (ոմանց), ովքեր համալրել են այդ կառույցի շարքերը, այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ ակամայից համաձայնում ես Ս.Ս.-ի և Ռ. Ք.-ի հետ: Ամենավատը, սովորաբար, պատմության մեջ երկակի գործակալներն են, ավելին, օգտագործված գործակալները: Իսկ եթե սա իշխանական նախագիծ է, ապա ևս մեկ անգամ իշխանությունը գալիս է ապացուցելու իր կարճամտությունը ֆինանսական անիմաստ ծախսերի դեպքում: Բաղդասարյանի գործոնով փակելով հնարավոր ընդդիմադիրների մուտքը խորհրդարան, շատ հին հնարք է: Ու շատ տգեղ կլինի, եթե իշխանությունը փորձի լցոնել և´ իշխանության, և´ այսպես ասած ընդդիմության համար: Ի վերջո, չպետք է մոռանալ, որ Հայաստանում բոլորը բոլորին ճանաչում են:
Վահրամ Թոքմաջյան
Orer.am, վերլուծաբան