Արցախի վրա հարձակվելու երեք հիմնական պատճառները` ըստ քաղաքագետ Գագիկ Համբարյանի
ИнтервьюԱդրբեջանի իշխանությունը, ինչպես միշտ, այս անգամ եւս խորը տխրություն է ապրում սեփական ռազմական ծրագրերը հայ երիտասարդ զինվորների թեթեւ ձեռքով տապալելու պատճառով: Առաջին գծում կանգնած վարձկաններն ու ադրբեջանցի զինվորներն այս անգամ եւս հիասթափեցրին ալիեւյան կլանին: Իսկ, թե որոնք էին նման որոշում կայացնելու եւ ԼՂՀ-ի վրա հարձակվելու դրդապատճառները, Orer.am-ը պարզեց քաղաքագետ Գագիկ Համբարյանից: «Մի քանի պայմաններ սերտաճեցին միմյանց, որպեսզի Ադրբեջանը սկսի պատերազմ Արցախի դեմ: Առաջին պատճառը նավթի գնի անկումն է, որի պատճառով Ադրբեջանում երկրի սոցիալ-տնտեսական վիճակը վատթարացավ: Պետք է նկատենք, որ ադրբեջանական հասարակության մեջ բեւեռվածությունն ահռելի մեծ է եւ այս պարագայում բռնապետ Իլհամ Ալիեւը պետք է որեւէ քայլ ձեռնարկեր, որպեսզի հասարակության ուշադրությունը շեղեր երկրի ներսում գոյություն ունեցող խնդիրներից»,- ասաց Գ. Համբարյանը:
Ըստ քաղաքագետի՝ երկրորդ հիմնական պատճառը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների բացասական վերաբերմունքն է. «Մենք շատ լավ գիտենք, որ վերջին մեկուկես տարվա մեջ Ադրբեջանի իշխանությունները բացեիբաց դժգոհում են Մինսկի խմբի համանախագահների գործունեությունից եւ անընդհատ հանդես են գալիս խիստ քննադատությամբ՝ հայտարարելով, որ համանախագահները չեն կարող լուծել այս խնդիրը հօգուտ Ադրբեջանի, որովհետեւ, ինչպես գիտենք, ադրբեջանական իշխանություններն առաջնորդվում են ամեն ինչ կամ ոչինչ սկզբունքով, որը երբեւէ չի իրականանա»:
Որպես երրորդ պատճառ՝ Գ. Համբարյանը նշեց Թուրքիայի գործոնը. «Նոյեմբեր ամսին թուրքական օդուժը խոցեց ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռը, որն էլ սրեց իրավիճակը տարածաշրջանում: Պաշտոնական Անկարան, իհարկե, փոձում է անընդհատ Ռուսաստանի ուշադրությունը շեղել ռուս-թուրքական հարաբերություններից եւ Սիրիայում տիրող վիճակից, այս պարագայում ամենահարմար առիթներից մեկն իրավիճակի սրումն էր Արցախի եւ Ադրբեջանի շփման գծում: Նկատենք, որ նման գործողություններ սահմանին առաջին անգամ չեն իրականացվում, սակայն նման ծավալի ռազմական գործողություններ չէին ծավալվել»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ ադրբեջանցիները հույս ունեին բլից-կրիգի միջոցով տարածքներ գրավել եւ դրանով իսկ բանակցային գործընթացը տանել այլ ուղղությամբ, իսկ հայկական կողմն այդ ժամանակ արդեն կլիներ բավական թույլ դիրքերում:
Սոսե Չանդոյան